Հայաստանում մեծ թվով կոռուպցիոն երեւույթներ են բացահայտվել, սակայն առանց այդ բացահայտումների էլ ամեն ինչ հայտնի էր, իսկ Հայաստանի Նկարիչների միությունը ընդհանրապես ոչ մի ընդհանուր բան չունի պետական բյուջեի հետ: Այս մասին հուլիսի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:

Նրա խոսքով՝ կազմակերպությունը ոչ մի դրամական միջոցներ չունի, որ հնարավոր լինի փնտրել կոռուպցիոն սխեմաներում: «Եթե որեւէ մեկը մեզ զրպարտում է, ապա հարկ չկա դա լուրջ ընդունելու: Անհրաժեշտ է ապացույցներ պահանջել, կա՞ն գոնե ինչ-որ ապացույցներ: Ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ արդեն 20 տարի Նկարիչների միության նախագահն եմ, եւ ոչ մի անթույլատրելի քայլ չի ձեռնարկվել»,- շեշտեց Աղամյանը:

Նա հավելեց, որ իրենց կողմից օրենքի ոչ մի խախտում չի իրականացվել, իսկ Հայաստանում հեղափոխությունից հետո ջրի երես լողացին «անազնիվ երեւույթներ», որոնք կարող են բերել անցանկալի բացասական հետեւանքների:

Աղամյանը հավաստիացրեց, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե դրա անհրաժեշտությունը լինի, եւ նշեց, որ ցանկանում է իր ստեղծագործական գործունեությանն ավելի շատ ժամանակ հատկացնել, ինչից այս փուլում փաստացի զրկված է: Սակայն դրա համար հարկավոր է արժանի փխարինող պատրաստել, որը կշարունակի իր գործունեությունը: Միաժամանակ, Նկարիչների միության նախագահը միանշանակ չպատասխանեց հարցին՝  մոտ ժամանակում հրաժարական կտա՞՝ պարզաբանելով, որ այս հարցին միանշանակ պատասխան չունի: «Սա հասարակական կազմակերպություն է: Մենք գրեթե 700 անդամ ունենք, եւ երբ ես իմ թեկնածությունն առաջադրում էի, իմ օգտին է քվեարկել 80 տոկոսը»,- եզրափակեց Կարեն Աղամյանը: