Ռումինիայի վարչապետ Էմիլ Բոկը հունվարի 28-ին ընդունել է Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանին: Այդ առանձնազրույցը հաջորդել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Եվրոպական վարչության ներկայացուցիչների հետ Ռումինիայի կառավարությունում կայացած հանդիպմանը:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրույցի ժամանակ մտքեր են փոխանակվել հայ-ռումինական հարաբերությունների, մասնավորապես` տնտեսության, կրթության եւ գիտության, ինչպես նաեւ մշակույթի ոլորտներում կապերի խթանման եւ ամրապնդման կոնկրետ ծրագրերի շուրջ: Այդ առումով Ռումինիայի վարչապետը կարեւորել է առաջիկա մարտի 10-ին առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական խառը հանձնաժողովի 3-րդ նիստի գումարումը Բուխարեստում, նիստին զուգահեռ գործարար ֆորումի կազմակերպումը, ինչը առիթ կընձեռնի կրկին նշել փոխադարձ հետաքրքրությունների շրջանակները եւ ձեռք բերել կոնկրետ պայմանավորվածություններ:
Վարչապետը ողջունել է նաեւ ռոմանահայ մշակութային ընդհանուր ժառանգության վերաբերյալ 2011-2012թթ. համատեղ խոշոր միջոցառումներ կազմակերպելու գաղափարը, ժառանգություն, որը եվրոպական տարածքի վրա մշակութային բազմազանության լավագույն դրսեւորումներից մեկն է եւ կենդանի վկայությունը քաղաքակրթությունների փոխհարստացման եւ դրանց կրողների համերաշխ գոյակցության:
Մինչ այդ, ՀԲԸՄ Եվրոպական վարչության նախագահ Ալեքսի Գեովճյանի եւ եվրոպական տարբեր երկրների Բարեգործականի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը ներկայացվել է համազգային այդ հնագույն կառույցներից մեկի գործունեության հիմնական ուղղությունները եւ ներկա ծրագրերը, մասնավորապես ազգային ինքնության, կրթության եւ մշակույթի բնագավառներում: Այս առումով կարեւորվել է ռումինական փորձը եւ Ռումինիայի կառավարության քաղաքականությունը` ուղղված ազգային փոքրամասնությունների ինքնության պահպանմանը, պետական հոգածությամբ հնարավորություն ստեղծելով մոտ երկու տասնյակ փոքրամասնությունների հոգեւոր, լեզվի, մշակույթի եւ ավանդությունների զարգացման ու ազատ դրսեւորման համար:





























