Այսօր՝ ժամը 12-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունքի աշխատակիցները՝ բաժանմունքի պետ Մերուժան Ստեփանյանի գլխավորությամբ, Երեւանի ձերբակալվածների պահման վայրից երեք երիտասարդների տեղափոխեցին Կենտրոնական քննչական բաժին:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղափոխվածներն են Արմավիրի մարզի Արեւշատ գյուղի բնակիչ, 35-ամյա Ռոման Նորիկի Ղեւոնդյանը, եւ Երեւանի բնակիչներ՝ 25-ամյա Ռաֆայել Կարապետի Սարգսյանն ու 23-ամյա Էդգար Ռադիկի Մարտիրոսյանը:
Հունվարի 25-ին նշված եռյակին ոստիկանության Կենտրոնականի բաժնի եւ Մարաշի բաժանմունքի աշխատակիցները կեղծ թղթադրամներ իրացնելու կասկածանքով բերման էին ենթարկել ոստիկանություն: Նրանց մոտ հայտնաբերվել էր 1000 եւ 500 ՌԴ ռուբլիներ: Պարզվել է, որ վերոնշյալ անձինք Երեւան քաղաքում իրացրել էին կեղծ դրամները, հիմնականում «սաղացնելով» տաքսիստների վրա: Նրանք նաեւ խորտկարաններից մեկում սնվելուց հետո կեղծ ոսկե շղթա են թողել ՝ պատճառաբանելով, թե գումար չունեն, եւ «ոսկե շղթան» թող գրավ մնա խորտկարանում:
Պարզվել է նաեւ, որ նրանք բնակարանային գողություններ են կատարել Արմավիրի մարզում եւ Երեւան քաղաքում, նաեւ խարդախության միջոցով մոտ 900 հազար դրամ են շորթել տարբեր քաղաքացիներից: Նախաքննության շահերից ելնելով՝ տուժող քաղաքացիների տվյալները չենք հրապարակում:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (Գողություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով) եւ 178 հոդվածի 2-րդ մասի (Խարդախություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով) հատկանիշներով:
Այսօր քննչական մարմինը դիմելու է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանու իրավասության դատարան՝ կասկածյալներին 2-ամսյա կալանքի ենթարկելու միջնորդությամբ:

Ռոման Ղեւոնդյան
Ռաֆայել Սարգսյան
Էդգար Մարտիրոսյան
Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի




























