Այսօր՝ հունվարի 29-ին, ժամը 13-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունքի աշխատակիցները՝ բաժանմունքի պետի օպերգծով տեղակալ Գրիգորի Սահակյանի գլխավորությամբ, Երեւանի ձերբակալվածների պահման վայրից Կենտրոնականի քննչական բաժին են տեղափոխել «Ճուտ» մականվամբ, 17-ամյա Արսեն Ենոքի Բաղրամյանին:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արսեն Բաղրամյանին Մարաշի բաժանմունքի աշխատակիցները կողոպուտ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել հունվարի 26-ին: Պարզվել է, որ կասկածյալ «Ճուտը» ոստիկանության Էրեբունու բաժնում հաշվառման մեջ է: Նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ավտոմեքենաներից հայելիներ գողանալու համար, եւ նա ստորագրությամբ ազատ էր արձակվել, իսկ հունվարի 27-ին Էրեբունու վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում պետք է կայանար նրա գործով առաջին դատական նիստը:
Պարզվել է, որ նա կատարել է մի շարք կողոպուտներ, գողություններ, այդ թվում՝ բնակարանային: Նախաքննության շահերից ելնելով՝ տուժողների անունները չենք հրապարակում: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր.-ի 176 հոդվածի 1-ին մասի (Կողոպուտ, ուրիշի գույքի բացահայտ հափշտակությունը) եւ 177 հոդվածի 2-րդ մասի (Գողություն խոշոր չափերով) հատկանիշներով:
Այսօր քննչական մարմինը դիմելու է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանու իրավասության դատարան՝ կասկածյալ Արսեն Բաղրամյանին 2-ամսյա կալանքի ենթարկելու միջնորդությամբ:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի





























