Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը հակադարձել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի հայտարարությանը, ով իրական ընդդիմությանը կեղծ ընդդիմությունից տարբերակելու չափորոշիչներ էր ներկայացրել:
«Ո՞վ է ընդդիմություն, նա, ումից իշխանությունը խլել է ունեցվածքը, թե՞ նա, ով ներկայանում է ընդդիմություն, սակայն նրան պատկանող օբյեկտներն ու բիզնեսը շարունակում են գործել»,- ասված է Ժողովրդական կուսակցության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Հայ Ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը հունվարի 28-ին հրավիրված ասուլիսում նշեց մի քանի գործոններ, որոնցով հասարակությունը պետք է զանազանի իսկական ընդդիմությանը կեղծ ընդդիմությունից։
«Եթե իշխանությունները տվյալ քաղաքական ուժի հրավիրած հանրահավաքի օրը չեն փակում ճանապարհները, դա նշանակում է, որ գործ չունես իսկական ընդդիմության հետ։ Իսկ եթե փակում են, ուրեմն հանրահավաք է հրավիրել իսկական ընդդիմությունը»,-հայտարարել է ՀԱԿ համակարգողը։ Նա նաեւ իսկական ընդդիմությանը կեղծ ընդդիմությունից տարբերելու չափորոշիչ նշեց այն, թե արդյոք այդ ուժը համարձակվո՞ւմ է իշխանություններին քննադատելիս տալ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի անունը, թե՝ ոչ։
Նկատենք, որ Լեւոն Զուրաբյանը ասուլիսի ժամանակ կեղծ ընդդիմություն համարվող որեւէ քաղաքական ուժի անուն չի նշել։




























