Ռուսաստանի հետաքննչական կոմիտեն հայտարարել է, որ «Դոմոդեդովո» օդանավակայանում ահաբեկչական ակտի փաստով հարուցված քրեական գործը բացահայտվել է։ Այս մասին ռուսական լրատվամիջոցներին հայտնել է Ռուսաստանի հետաքննչական կոմիտեի ներկայացուցիչը։ Այս պահի դրությամբ այլ մանրամասներ չեն ստացվել։
«Դոմոդեդովոյի» ահաբեկչությունը բացահայտվել է»,- իր զրուցակցի խոսքերն է մեջբերել «Ինտերֆաքսը»։
Մոսկվայի օդանավակայանում պայթյունը որոտացել է 2011 թվականի հունվարի 24-ին՝ տեղական ժամանակով 16։32 րոպեին։ Պայթուցիկ սարքը, ականատեսների վկայությամբ, գործի էր դրել մահապարտ-ահաբեկիչը։ Ահաբեկության արդյունքում զոհվել էր 35, վիրավորվել շուրջ 200 մարդ։ Նրանցից 116-ը տեղափոխվել էին հիվանդանոց, այդ թվում՝ չորս հայեր։
Ինչ վերաբերում է կատարողներին, «Կոմերսանտ» թերթը, վկայակոչելով իր աղբյուրը, հայտնել էր, որ հունվարի 24-ի ահաբեկչության գործով հայտնվել է առաջին կասկածյալը։ Դա Ստավրոպոլի երկրամասի, ահաբեկչական «Նոգայսկի ջամաաթ» խմբավորման ենթադրյալ անդամ «ռուս վահաբական» Վիտալի Ռազդոբուդձկոն է։
Սակայն «ՌԻԱ Նովոստին» հերքել էր այն ենթադրությունը, թե «Դոմոդեդովոյի» ահաբեկչությունը կատարել է Վիտալի Ռազդոբուդձկոն։
«Տեսագրություններից մեկում երեւում է, որ դա այլ մարդ է եղել»,- հայտնել է «ՌԻԱ Նովոստիի» աղբյուրը։ Ահաբեկչությունից հետո Ռուսաստանի նախագահը պաշտոնանկ էր արել շատ բարձրաստիճան չինովնիկների։





























