Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ցանկացած կուսակցություն պարտավոր է ներկայացնել այն կառավարության կազմը, որով ինքը ենթադրում է հանդես գալ, եթե հաղթի ընտրություններում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 24-ին, ԱԺ-ում ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով աշխատանքային խմբի նիստում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

«Այսինքն եթե ընտրության արդյունքում տվյալ քաղաքական ուժը ձեւավորում է մեծամասնություն ԱԺ-ում, ապա հանրությանն այլեւս հայտնի է, թե այդ կուսակցությունը ինչ կազմի կառավարությամբ է իրականացնելու իր նախընտրական խոստումները:

Համաձայնեք, որ ցանկացած կուսակցություն ընտրություններին ներկայանում է հանրային կյանքի կազմակերպման սեփական տեսլականով, որն արտացոլվում է նախընտրական ծրագրում: Ընտրությունների ժամանակ մենք ընտրողին ասում ենք՝ ձեր խնդիրները մենք պատրաստվում ենք լուծել այս-այս կերպ: Այսինքն կառավարությունը մեծամասնություն ձեւավորված քաղաքական մեծամասնության շարունակությունն է գործադիր իշխանությունում: Այսինքն կառավարությունը պետք է ձեւավորվի քաղաքական մեծամասնության կազմից: Ընդ որում, կազմից, ոչ թե նրա հավանությամբ: Եթե կուսակցությունը խոստումներ է տալիս, ապա ընտրողը պետք է իր մեջ համոզվածություն ունենա, որ այդ կուսակցությունը իր խոստումները իրականացնելու կարողություն ունենա»,-հայտարարեց նա:

Խոսրով Հարությունյանի խոսքով, կուսակցությունները, որոնք հավակնում են իշխանության պատասխանատվությունը ստանձնել, պետք է հռչակեն իրենց կառավարության կազմը՝ վարչապետ, փոխվարչապետներ, նախարարներ:

«Այդ դեպքում հնարավոր կլինի առարկայական բանավեճեր կազմակերպել նախընտրական շրջանում, օրինակ առողջապահության նախարարների թեկնածուներ, ֆինանսների նախարարների թեկնածուների միջեւ եւ այլն: Հանրությունը հնարավորություն է ստանում առարկայորեն գնահատել տվյալ ուժերի պոտենցիալը: Այսինքն մենք ունենում ենք դե ֆակտո ընտրված կառավարություն»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ այս առաջարկը չի մերժում հետընտրական կոալիցիաների ձեւավորման պարագայում նորից կառավարության ձեւավորումն այդ կոալիցիայի կազմից:

Խոսրով Հարությունյանը նշեց նաեւ, որ այս առաջարկը չի ենթադրում, որ եթե որեւէ ուժ չի ցանկանում հրապարակել իր կառավարության ծրագիրը, նրան պետք է զրկել ընտրություններին մասնակցելու իրավունքից. «Ուղղակի հասարակությունը կփաստի, որ այդ կուսակցությունը չի կարող հավակնել ազդեցիկ կուսակցության դերակատարման:

Ենթադրենք կուսակցությունը հայտարարեց իր ապագա կառավարության կազմը, բայց չարձանագրեց հաջողություն, դարձավ փոքրամասնություն, այդ կուսակցությունը կարող է ձեւավորել ստվերային կառավարություն՝ ունենալով հստակ կազմ: Բոլորը ճանաչում են, թե ով է որ ոլորտի նախարարը, նրանք վերահսկում են վիճակը, կարող են այլընտրանքային առաջարկներ կամ ծրագրեր ներկայացնել, քննադատել եւ քաղաքական իրողությունների փոփոխության պարագայում հանդես գալ սեփական նախաձեռնությամբ»,- ընդգծեց նա: