Սպիտակ տունը որոշել է դադարեցնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա արտասահմանցի գործընկերների հեռախոսային բանակցությունների արդյունքներով հայտարարությունների  հրապարակումը, հայտնում է CNN-ը:

Նշվում է, որ խոսքը վերաբերում է կարճ հայտարարություններին, որոնք հրապարակվում են հեռախոսային բանակցություններից հետո: Բացի ինքնին զանգի փաստի մասին տեղեկատվությունից, դրանցում սովորաբար նշվում են առանցքային պահերը եւ թեմաները, որոնք կողմերը քննարկել են զրույցի ընթացքում:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Սպիտակ տունն այդպիսի հայտարարություններ չի հրապարակել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ Թրամփի հեռախոսազրույցից հետո, որը տեղի է ունեցել այս տարվա հունիսին: Զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահը շնորհավորել էր Հունգարիայի վարչապետին վերընտրվելու առիթով:

CNN-ին հայտնի է դարձել, որ վերջին մի քանի շաբաթներին Սպիտակ տան տերը հեռախոսով խոսել է առնվազն երկու արտասահմանյան առաջնորդների՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: Սակայն ամերիկյան կողմը այդպես էլ չի հրապարակել պաշտոնական հայտարարություններ զրույցների բովանդակության վերաբերյալ:

Դեռեւս հայտնի չէ՝ սա ժամանակավո՞ր միջոցառում է, թե՞ Սպիտակ տունն ընդհանրապես հրաժարվել է ԱՄՆ առաջնորդի հեռախոսային բանակցությունների մասին հայտարարությունների հրապարակումից: