Էլի անունով հաշմանդամ դեռահասին Emirates ավիաընկերության օդանավից  վռնդել են  էպիլեպսիայի պատճառով, չնայած բժիշկների թույլտվությանը, հայտնում է News.com.au–ն։

Էլին ընտանիքի հետ Նոր Զելանդիայից Ֆրանսիա էր վերադառնում, եւ Դուբայում օդանավը փոխելիս, երբ նրանք օդանավում սպասում էին թռիչքին, նրանց խնդրել են օդանավից դուրս գալ։

«Ավիաընկերության աշխատակիցներն ասել են, որ Էլին չի կարող օդանավում մնալ, չնայած մինչ այդ նա արդեն Նոր Զելանդիայից թռել էր Emirates ավիաընկերության օդանավով եւ հեռախոսով ստացել էր բժշկի հաստատումը, որ նրան թռչել թույլատրված է»,– պատմել է նրա եղբայր Մայլզը։

«Նրանք իրենց ընտանիքին այնպիսի հաճույքով դուրս շպրտեցին։ Նույնիսկ սպառնացին ոստիկանություն կանչել իրենց դուրս բերելու համար»,– հավելել է նա։

Միջադեպից հետո դեռահասի մայրը՝ լրագրող Իզաբել Կումարը, տեղի ունեցածի մասին գրել է Twitter–ում։  «Շնորհակալություն Emirates ավիաընկերությանը, որ մեզ օդանավից վռնդեցին։ Մեր որդու մոտ էպիլեպսիա է։ Մենք Մելբուրնից 14–ժամյա ճանապարհ ենք հաղթահարել եւ հեռախոսով բժշկից հաստատում ենք ստացել՝ արդեն օդանավում գտնվելիս։ Իմ որդու մոտ առկա է աուտիզմ եւ ուսումնառության հետ կապված լուրջ դժվարություններ»,– գրել է կինը։

Ավելի ուշ նա հավելել է, որ ավիաընկերության ներկայացուցիչը ընտանիքի բողոքին պատասխանել է միայն 9 ժամ հետո եւ իրենց տեղավորել է «անտանելի հյուրանոցում»։

Հուլիսին Emirates ավիաընկերությունը ճանաչվել էր աշխարհում լավագույններից մեկը։ Այն 3–րդ տեղն էր գրավել Skytrax World Airline Awards 2018 վարկանիշային աղյուսակում։ Առաջին տեղում էր Singapore Airlines–ը, երկրորդ՝ Qatar Airways–ը։