Ժողովրդի համբերության բաժակը լցվել է. դրա մասին է վկայում Տիգրան Կարապետյանի ցույցերին եւ քաղաքապետարանի առեջւ կազմակերպվող ակցիաներին մեծ թվով մարդկանց մասնակցելը։ Հունվարի 31-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Երկրի սոցիալական բարդ իրավիճակը շարունակում է գերակա մնալ։ 35 տոկոս աղքատությունը, ավելի քան 65 հազար մարդու՝ Հայաստանից արտագաղթելը ակնհայտ են դարձնում իշխանության անկարողությունը։ Մի տեսակ պետության վախճանի զգացողություն կա, Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը մեծ հետընթաց է ապրում»,- նկատեց Գալստյանը՝ ավելացնելով, որ իշխանություններին որակապես կամ ընդհանրապես փոխելու իրենց հեռանակարներն արդարացված են։
«Սկսած ձվի գնի կարգավորման անկարողությունից, վերջացրած թոշակառուների թոշակները բաժանելու անհարթություններից, հասկանալի է դառնում որ պետությունն ի զօրու չէ երկիրը դուրս բերել առկա վիճակից. սա իսկական անկարողություն է»,- համոզմունք հայտնեց ՀՅԴ պատգամավորը:
Հարցին, թե հնարավո՞ր համարում է, որ սոցիալական անարդարությունները կարող են հանգեցնել բունտի, Լիլիթ Գալսատյանը նկատեց. «Ցավով եմ նայում Թունիսում եւ Եգիպտոսոււմ տեղի ունեցող իրադարձություններին, Աստված չանի, որ նման կացություն ստեղծվի նաեւ Հայաստանում, որովհետեւ սոցիալական համերաշխաությունը մեզ համար կարեւոր խնդիր է։ Շատ ավելի ճիշտ կլինի, եթե ներքին բունտը կարողանանք վերաձեւակերպել որպես քաղաքացիների պահանջատիրության, բարձր քաղաքացիական գիտակցության»,- ամփոփեց նա։
Նշենք, որ Եգիտպոսի մայրաքաղաք Կահիրեում բողոքի գործողությունները սկսել են հունվարի 25-ից։ Ցուցարարները պահանջում էին երկրի նախագահի հրաժարականը։ Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը տեղի տալով ցուցարարների պահանջին՝ ցրել է կառավարությունը։ Եգիպտոսի ընդդիմությունը՝ «Ազգային միավորում հանուն փոփոխությունների» շարժման առաջնորդ Մուհամեդ Ալ Բարադեյին իրավունք է տվել ազգային միասնության կառավարության ստեղծման բանակցություններ վարել:





























