ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի առաջարկը, ըստ որի ընտրություններին մասնակցող ուժերը պետք է ներկայացնեն իրենց ապագա կառավարության կազմը, հետաքրքիր է, բայց ունի նաեւ բացասական կողմերը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետին կից ընտրական բարեփոխումների հարցերով հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը:
«Պատկերացրեք մի կուսակցություն, որը չի հավակնում ունենալ ամբողջ կառավարությունը: Ասենք, մի փոքր կանաչների կուսակցություն հավակնում է մտնել խորհրդարան ու բարձրացնել բնապահպանական հարցեր, կամ առավելագույնը՝ մտնել կոալիցիա եւ ունենալ բնապահպանության նախարարի պորտֆելը: Իսկ այս առաջարկով մենք ստիպում ենք, որ մարդիկ ներկայացնեն ամբողջ կառավարությունը, ինչը խնդրահարույց է»,-ասաց Իոաննիսյանը՝ հավելելով, որ սա իր կարծիքն է, հանձնաժողովը դեռ չի քննարկել:
Հարցին, թե այդ առաջարկն իր մեջ ծուղակ չի՞ կարունակում, որ քաղաքական ուժերը կհրապարակեն իրենց ստվերային կաբինետը, որի հետեւանքով հատկապես ընդդիմադիր ուժերի կաբինետում ընդգրկված մարդիկ խոցելի կդառնան իշխանությունների կողմից, Իոաննիսյանը պատասխանեց. «Ես հուսով եմ, որ մենք ապրում ենք այնպիսի երկրում, որտեղ ընդդիմություն լինելու համար որեւէ մեկը խոչընդոտների առջեւ կանգնի: Թեպետ, այո, քաղաքական առումով դա խնդիր է, որովհետեւ ենթադրենք, ընդդիմադիր ուժը ցանկանում է գալ իշխանության, եւ մտադիր է նախարարի պաշտոնում պահել գործող նախարարներից մի քանիսին: Հայաստանում իշխանափոխությունից հետո դա տեղի ունեցավ, երբ 3 նախարարներ շարունակեցին մնալ կառավարության կազմում: Որոշ դեպքերում փոխնախարարները դարձան նախարար, ինչպես օրինակ Ատոմ Ջանջուղազյանը: Եթե ի սկզբանե «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարեր, որ այդ մարդիկ են իրենց թեկնածուները, կարող է այդ մարդկանց համար խնդրահարույց լիներ»:
Նշենք, որ ԱԺ-ում ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով աշխատանքային խմբում ՀՀԿ-ն առաջարկել է ԸՕ-ում ամրագրել, որ ընտրություններին մասնակցող ուժերը ներկայացնեն ստվերային կաբինետ՝ նշելով, թե ովքեր են լինել կառավարության անդամները, եթե իրենք հաղթեն:





























