Բրիտանական իշխանությունները ողջունում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի միջեւ առեւտրի ոլորտում ձեռք բերված համաձայնությունները: Այս մասին ասվում է հինգշաբթի Միացյալ Թագավորության արտաքին առեւտրի նախարարության հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ողջունում ենք ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջեւ փոխգործակցության մասին կնքված համաձայանգիրը՝ առեւտրային խոչընդոտների վերացման եւ առեւտրի եւ ներդրումների ծավալների մեծացման նպատակով: Մենք հույս ունենք առաջընթացի հասնել ալյումինի եւ պողպատի մաքսատուրքերի չեղարկման հարցում» - նշվում է հայտարարությունում:

Նախօրեին ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի իշխանությունները համաձայնության էին եկել փոխադարձ մաքսատուրքերի եւ առեւտրային խոչընդոտների չեղարկման աշխատանքի մեկնարկի հարցում: Այս մասին Թրամփն ասել էր Յունկերի հետ հանդիպումից հետո: