Եգիպտոսի ընդդիմությունը հունվարի 31-ին կրկին քաղաքացիներին կոչ է արել փողոց դուրս գալ եւ զանգվածային միջոցառումներ կազմակերպել երկրի նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականի պահանջով։ Ինչպես «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության եթերում հայտարարել է դեմոկրատական բարեփոխումներ պահանջող «Կիֆայա!» («Բավակա՜ն է»)  ընդդիմադիր շարժման կազմակերպիչներից մեկը`Ջորջ Իսհակը, ժողովրդական ընդվզման արտահայտման հիմնական վայրը, ինչպես եւ նախորդ անգամ, կլինի Կահիրեի կենտրոնական Թահրիր հրապարակը։

Հազարավոր մարդիկ առավոտից հավաքվում են մայրաքաղաքի փողոցներում, նրանց ձեռքում ազգային դրոշներ են, ինչպես նաեւ նախագահի եւ ղեկավարության դեմ ուղղված կարգախոսներով ցուցապաստառներ։

Հիշեցնենք, որ նախօրեին ընդդիմությունը հայտարարել է իր առաջնորդի անունը. նա  Մուհամեդ Ալ Բարադեյն է՝ ՄԱԳԱՏԷ-ի նախկին ղեկավարը։ Նա Մուբարաքից պահանջել է հնարավորինս արագ հրաժարական տալ։

Նշենք, որ զանգվածային բողոքի ակցիաների հետեւանքով Եգիպտոսում վերջին օրերին, ոչ պաշտոնական տվյալներով, արդեն 150 մարդ է զոհվել, 4 հազարից ավելի մարդ մարմնական վնասվածքներ է ստացել։