Երեւանի քաղաքապետարանում առաջիկայում նոր կադրային փոփոխություններ են սպասվում։ Քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության նոր պետ է նշակվելու գազասպառման կենցաղային համակարգերի տեխնիկական սպասարկմամբ զբաղվող «Էյ Ի Ջի» ՍՊԸ-ի նախկին տնօրեն, «Էներգանորոգում» ԲԲԸ-ի տնօրեն Սամվել Մհերյանը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց քաղաքապետ Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը՝ նշելով, որ նշանակումը տեղի կունենա առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում։
Սամվել Մհերյանն այդ պաշտոնում կփոխարինի Ֆրունզ Բասեցյանին։ Շուշան Սարդարյանը տեղեկացրեց նաեւ, որ Տեղեկատվության եւ հասարակայության հետ կապերի վարչության պետ է նշանակվել Արթուր Գեւորգյանը, ով այդ պաշտոնում փոխարինում է Անժելա Մարտիրոսյանին։
NEWS.am-ը Շուշան Սարդարյանից փորձեց պարզել նաեւ, թե արդյոք ճի՞շտ են մամուլի այն հրապարակումները, ըստ որոնց՝ քաղաքապետի հրահանգով քաղաքապետարանի աշխատակիցները աշխատանքային ժամերին պարտավոր են անջատել իրենց բջջային հեռախոսները, իսկ մեկ այլ հրահանգով էլ՝ քաղաքապետարանի կին աշխատակիցները պետք է աշխատանքի գան հատուկ «դրես կոդով»։ Սարդարյանի խոսքով՝ քաղաքապետի՝բջջային հեռախոսներն անջատելու պահանջը վերաբերում է միայն ավագանու նիստերին։ «Կարծում եմ, նորմալ պահանջ է՝ անջատել հեռախոսները, եթե նիստ է ընթանում։ Ինչ վերաբերում է «դրես կոդին», ապա նման հրահանգ չի իջեցվել, քանի որ քաղաքապետարանի յուրաքանչյուր աշխատակցի համար էլ պարզ է, որ աշխատանքի պետք է գալ պատշաճ հագուստով»,-նշեց Սարդարյանը։





























