«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, թե Ռոբերտ Քոչարյանը ցանկության դեպքում կարող էր գլխավորել Հանրապետական կուսակցությունը, ինչպես երեւում է, որոշակի արձագանք է գտել եւ ՀՀԿ-ի կողմից ակտիվ մեկնաբանությունների առարկա է դարձել:
ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում խորհուրդ է տվել Ծառուկյանին այսուհետ ավելի հստակ արտահայտել իր մտքերը:
«Իսկ եթե նա չլսի մեր խորհուրդը, մենք հետագայում նրան ուրիշ խորհուրդներ կտանք»,- հայտարարել է Զոհրաբյանը:
Այնուհետեւ հանրապետական գործիչը պարզաբանեց, որ ՀՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության 10 տարվա փորձ ունի, «սակայն այդ ընթացքում նա երբեք ցանկություն չի հայտնել գլխավորել ՀՀԿ-ն»:
«Ավելին, այդ ընթացքում ՀՀԿ-ն ուներ իր առաջնորդը՝ հանձինս վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, որի մահվանից հետո կուսակցությունը գլխավորեց Ղերժ Սարգսյանը: Այնպես որ, այդ բոլոր խոսակցություններն իզուր են»,- ասել է Զոհրաբյանն, ընդգծելով, որ Ռ. Քոչարյանն իր ցանկություններն ու մտադրությունները կարող է ինքնուրույն բարձրաձայնել, այդ մենաշնորհը չի պատկանում Գագիկ Ծառուկյանին:
Հիշեցնենք, որ Ծառուկյանի այս հայտարարությանն արձագանքել է նաեւ ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, նրան կոռեկտության կոչ անելով: «Չեմ կարծում, թե նման հայտարարություններ անելը կառուցողական է: ՀՀԿ-ն պայմանական եղանակով երբեք հայտարարություններ չի արել «Բարգավաճ Հայաստանի» եւ նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ: Այդ համատեքստում մենք նրան կոռեկտության կոչ ենք անում»,- ասել է նա:





























