ԱԺ-ում ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով աշխատանքային խումբն այսօր՝ հուլիսի 27-ի իր նիստում հավանություն տվեց ընտրագրավը 10 մլն դրամից նվազեցնելու «Ժառանգության» առաջարկին: Թեեւ «Ժառանգությունն» առաջարկում ընտրագրավի չափը սահմանել 5 մլն դրամ, սակայն քաղաքական ուժերը համաձայնեցին այն սահմանել 7,5 մլն դրամ:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը, մասնավորապես, նշեց. «Եթե նվազեցնում ենք անցողիկ շեմը, ապա տրամաբանական է, որ նվազեցվի նաեւ ընտրագրավի չափը, որ փոքր կուսակցությունները հնարավորություն ունենան մասնակցել ընտրություններին: Բայց այդ նվազեցումը պետք է տրամաբանական լինի, որ օրինակ, ընտրագրավն այնքան ցածր չլինի, որ ընտանիքի անդամների կամ ընկերուհու բարեկամների անունով գրանցված քաղաքական ուժն էլ կարողանա մասնակցել ընտրություններին»:

ՀՀԿ-ից Դավիթ Հարությունյանն էր նշեց, որ ընտրագրավի նվազեցումը թեեւ բազմազան կդարձնի ընտրությունները, սակայն կնվազեցնի ընտրության հնարավորությունը. «Օրինակ, եթե մարդու առջեւ դրված է 10 հնարավորություն, իսկ մեկ այլ դեպքում 5 հնարավորություն, 5-ի դեպքում ընտրությունն ավելի որոշակի է լինում: 10-ի դեպքում կարող ենք ունենալ շատ խայտաբղետ պատկեր»:

Նա նկատեց, որ ընտրագրավի մի մասն օգտագործվում է ԿԸՀ-ի կարիքների համար, իսկ նվազեցումը դժվար դրության մեջ կդնի ԿԸՀ-ին: Նա առաջարկեց խնդիրը լուծել երկուստեք. «Պայմանական, եթե գրավն իջեցնում ենք 25 տոկոսով,  բարձրացնենք տոկոսը, որը պետք է տրվի ԿԸՀ-ին, որ չհայտնվեն ավելի վատ վիճակում, քան այսօր են»,- եզրափակեց Դավիթ Հարությունյանը: Այս առաջարկին խորհրդարանական ուժերը չառարկեցին: