Հայ ազգային կոնգրեսն այսօր՝ հունվարի 31-ին Երեւանի քաղաքապետարան իրազեկում է ներկայացրել փոտրվարի 18-ին Ազատության հրապարակում հանրահավաք, այնուհետ նաեւ երթ անցկացնելու մասին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։
Մինչդեռ Երեւանի քաղաքապետարանն այսօր որոշում է հրապարակել, ըստ որի՝ Ազատության հրապարակը փետրվարի 15-ից մարտի 10-ը տրամադրելու է սպորտային եւ մշակութային միջոցառումների անցկացման համար։
Արման Մուսինյանը քաղաքապետարանի որոշումը որակեց որպես «հերթական ապօրինի որոշում», հավելելով. «Մինչեւ մարտի 10-ը անցկացվելիք միջոցառումները չէին կարող իրազեկված լինել այն հիմքով, քանի որ ըստ օրենքի, իրազեկումը չի կարող ներկայացվել ոչ շուտ, քան միջոցառումն անցկացնելու նախատեսված օրվանից քսան օր առաջ։ Եթե նույնիսկ նման միջոցառումներ են անցկացվում, ապա դրանք չեն կարող մերժման հիմք ծառայել»,-հայտարարեց Մուսինյանը։ Նա նաեւ հավելեց, որ կախված քաղաքապետարանի որոշումից՝ ի գիտություն ընդունել կամ չընդունել ՀԱԿ իրազեկումը, ըստ այդմ էլ Կոնգրեսը կանի իր հակաքայլերը։ Ըստ օրենքի՝ իրազեկումը քննարկվում է 72-ժամյա ռեժիմով։
Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի հունվարի 27-ի որոշմամբ ի գիտություն է ընդունվել քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի բաժնի պետի հունվարի 25-ի իրազեկումը` 2011 թվականի փետրվարի 15-ից մարտի 10-ը Ազատության հրապարակում սպորտային միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ: Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի նույն օրվա մեկ այլ որոշմամբ, ի գիտություն է ընդունվել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետի հունվարի 27-ի իրազեկումը` 2011 թվականի փետրվարի 15-ից մարտի 15-ը Ազատության հրապարակում մշակութային միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ:
Նկատենք, որ օրերս ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը ասուլիսում հայտարարել էր, որ ՀԱԿ-ը փետրվարի 18-ին հանրահավաք է անցկացնելու Ազատության հրապարակում:





























