Ավստրալիայի եւ ԱՄՆ գիտնականների խումբը վերլուծել է Համաշխարհային օվկիանոսի վիճակը եւ հաշվել մարդու կողմից անձեռնմխելի ջրատարածքների քանակությունը: Նրանց հետազոտությունը հրապարակվել է Current Biology ամսագրում:
Նրանց հետազոտության տվյալներով՝ անձեռնմխելի ջրերի մակերեսը կազմում է մոտ 55 մլն քառ.կմ՝ Համաշխարհային օվկիանոսի գրեթե 13 տոկոսը, եւ այդ ջրատարածքների 5 տոկոսից պակասը պաշտպանվում է օրենսդրությամբ:
Գիտնականները հետազոտել են, թե օվկիանոսի վրա ինչպես են ազդում մարդու գործունեության 12 տեսակները՝ ներառյալ բեռնափոխադրումները, տրանսպորտը, ձկնորսությունը, արդյունաբերական կոյուղաջրերի եւ գյուղատնտեսական պարարտանյութերի արտանետումը:
Գիտնականները պարզել են, որ ամենածավալուն «վայրի» ջատարածքները գտնվում են Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ինչպես նաեւ Արկտիկայում եւ Անտարկտիդայում որոնց մակերեսը կազմում է մոտ 16 մլն քառ.կմ:
Առավել քիչ անձեռնմխելի ջրերը Աֆրիկայի հարավը շրջապատող ջրերն են:
Հետազոտողների խոսքով՝ այդպիսի «վայրի» գոտիները Երկրի էկոլոգիայի համար սկզբունքորեն կարեւոր դեր ունեն: Այսպիսի ջրատարածքների պաշտպանությունը կօգնի պահպանել մոլորակի կենսաբազմազանությունը:





























