ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից սենատորները նամակներ են ուղարկել Միացյալ Նահանգներում Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանատներ՝ նախազգուշացնելով Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու այս երկրների մտադրության վերաբերյալ, հայտնում է t-online.de պորտալը՝ վկայակոչելով ուղերձը:

Պարբերականի տեղեկություններով՝ հինգշաբթի նամակներն ուղարկվել են դեսպանատներ, դրանք ստորագրել են հանրապետական սենատորները, որոնց թվում են՝ Թեդ Քրուզը, Մարկո Ռուբիոն, Թոմ Կոտոնը եւ այլք:

Դրանցում նշվում են, որ ամերիկյան պատժամիջոցները ոչ թե ուղղակլի կառավարական որոշում են, «դրանցից շատերը ծնվել են Կոնգրեսի ընդունած դաշնային օրենքներից»:

«Մենք գրում ենք, որ ձեզ կոչ անենք հետեւել ամերիկյան բոլոր պատժամիջոցներին, ինչպես նաեւ ընդգծենք, որ մեր հատուկ մտահոգությունը կառաջացնեն ամերիկյան օենքներից խուսափելու կամ դրանք խափանելու ձեր փորձերը»,- նշված է նամակում:

Սենատորները նաեւ նշել են, որ սահմանափակող միջոցառումները ԱՄՆ կշռադատված եւ երկարաժամկետ քաղաքականությունն է, եւ եվրոպական երկրների կողմից դրանք շրջանցելու փորձերը հետեւանքներ կունենան:

«Դրանցից խուսափելու կամ դրանք խափանելու ցանկացած փորձ կարող են հանգեցնել ԱՄՆ կառավարության հետ համագործակցությամբ Կոնգրեսի գործողությունների»,- զգուշացրել են կոնգրեսականները: