Վերջին երկու շաբաթը եկան վկայելու, որ ակնհայտ հակասություններ կան «Երեւանի տեղական ինքնակառավարման մասին» օրենքի եւ Ընտրական օրենսգրքի միջեւ: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 1-ին, Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի եւ «Համայնքների ֆինանսիստների միավորում» հ/կ-ի կազմակերպած հանրային քննարկման ժամանակ հայտարարեց հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը:

Նա նշեց, որ իրենք պատրաստվում են Ընտրական օրենսգրքի ՏԻՄ-ի բաժնում վերացնել օրենքների միջեւ հակասությունները, որոնք բազմաթիվ են:

«Մեր դիրքորոշումն է, որ պետք է լայնանա համայնքների ցանկը, որոնք ունենալու են ավագանու, ոչ թե ավագանու անդամի ընտրություններ, այնպիսի ընտրակարգ, որը գործում է Գյումրիի, Վանաձորի եւ Երեւանի դեպքում: Ենթադրում եմ, որ 10 000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքներում նման ընտրակարգ կսահմանվի: Բացի այդ, հանձնաժողովում բավականին կոնսենսուսային պատկերացում կա այն մասին, որ 70 000 բնակչություն ունեցող համայնքներում արժե ավելացնել ավագանու անդամների թիվը: Այստեղ թվերի վերաբերյալ ոչ մի որոշում չկա, բայց նման բան անելու կոնսենսուսային պատկերացում կա»,- ասաց Իոաննիսյանը:

Նույն խնդրի առնչությամբ Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը եւս նշեց, որ հիմա է պահը Ընտրական օրենսգրքին վերաբերող քննարկումներում ներառել նաեւ ՏԻՄ-երի ձեւավորման եւ կարգավորման մասին առաջարկությունները:

Նա առաջարկեց «երկաթը տաք-տաք ծեծել» եւ քննարկել նաեւ ՏԻՄ-երին վերաբերող բլոկը: Լեւոն Բարսեղյանը  կարծիք հայտնեց, որ ավելի ճիշտ կլինի, որ համամասնական ընտրակարգով ընտրություններ ավելի շատ համայնքներում անցկացվեն. «Կուզեինք, որ իսկապես ընդարձակվի այն համայնքների ցանկը, որ ավագանիները պետք է ընտրվեն համամասնական ընտրակարգով»: