«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մոտեցումն է՝ այս փուլում Ընտրական օրենսգրքի ՏԻՄ բաժնին վերաբերող մասում կտրուկ, սկզբունքային փոփոխություններից զերծ մնալը, ակնկալելով, որ նման կտրուկ փոփոխությունները կնախաձեռնի եւ կիրականացնի ապագա Ազգային ժողովը: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 1-ին, Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի եւ «Համայնքների ֆինանսիստների միավորում» հ/կ-ի կազմակերպած հանրային քննարկման ժամանակ նշեց այդ հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վահագն Հովակիմյանը:
«Այս անցումային փուլում, երբ Հայաստանը նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների, եւ երբ մենք ունենք մի իրավիճակ, երբ Ազգային ժողովն ու Ազգային ժողովից դուրս հասարակական տրամադրություններն ու քաղաքական դաշտը իրար չեն համապատասխանում, նման կտրուկ փոփոխություններից պետք է զերծ մնալ»,- ընդգծեց Հովակիմյանը:
Այս տեսակետի հետ համաձայն չէր Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը:
«Ընտրական օրենսգիրքը պատրաստող վարչապետին կից հանձնաժողովի համար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշումները իմպերատիվ բնույթ չունեն: Հանձնաժողովն է որոշողը, իհարկե, գործադիրը դեռ պետք է հավանության արժանացնի, խորհրդարանը քվեարկի, բայց, այդուհանդերձ, հանձնաժողովն է որոշելու՝ ինչը փոխել, ինչը չփոխել»,-ասաց նա՝ հավելելով, որ հեղափոխությունից հետո չպետք է վախենալ հեղափոխական փոփոխություններից:
«Բայց դա չի նշանակում, որ պետք է ափալ-թափալ որոշումներ կայացնել: Պետք է մտածված գործողություններ անել, եւ եթե կարիքը կա, որ կոնկրետ փոփոխությունը կամ որոշումն ուժի մեջ մտնի ավելի ուշ, ապա կարելի է դա ամրագրել: Ոչինչ չի խանգարում, որ դա ամրագրվի, ենթադրենք, ԸՕ-ի անցումային դրույթների մեջ»,- ասաց Իոաննիսյանը:





























