Անգելա Մերկելը քաղաքականություն իր վերադարձը նշանավորեց՝ Եվրոպային կոչ անելով ավելի ուժեղ առաջ մղել իր շահերը, մինչդեռ Դոնալդ Թրամփը հերթական խառնաշփոթն է առաջացնում աշխարհակարգում: Այս մասին ասվում է Արնե Դելֆսի եւ Բիրջիթ Ջեննենի՝ Bloomberg-ում հրապարակված հոդվածում:
«Ամառային ընդմիջումից հետո իր առաջին հարցազրույցում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է, որ Եվրոպան պետք է ավելի շատ համաշխարհային պատասխանատվություն վերցնի, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում: Գերմանիայում իր վաղեմի հակառակորդ Վլադիմիր Պուտինին հյուրընկալելուց անմիջապես հետո նախորդ շաբաթվա վերջին Մերկելն Ադրբեջանում էր: Այցի նպատակը ռուսական գազին հակակշռող գազատարի ծրագիրը պաշտպանելն էր: Այս շաբաթ Մերկելը մեկնելու է երեք աֆրիկյան պետություններ՝ ներդրումները խթանելու, որպեսզի զսպի միգրացիայի հոսքը դեպի Եվրոպա։ Հաջորդ ամիս Փարիզում նա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ պետք է խոսի եվրոյի շրջանառության գոտին ամրապնդելու առաջարկների շուրջ»,- գրում են հեղինակները։
«Մենք ավելի շատ պատասխանատվություն պետք է վերցնենք», - ասել է Մերկելը ARD-ի հետ հարցազրույցում: «Գերմանիայի համար դա նշանակում է հույսը դնել Եվրոպայի վրա: Մենք խնդիր ունենք Եվրոպան աշխարհում ուժեղ գործոն դարձնելու, որպեսզի ապահովենք զարգացում, խաղաղություն եւ ազատություն»:
Հեղինակների կարծիքով՝ մինչ ԱՄՆ նախագահ Թրամփը հարցականի տակ է դրել ՆԱՏՕ-ի արդյունավետությունը, դուրս է եկել Իրանի հետ միջուկային համաձայնագրից եւ սպառնում է վնասել եվրոպական կազմակերպություններին, որոնք ցանկանում են բիզնեսով զբաղվել Իրանի հետ, Գերմանիայի արտգործնախարարն առաջարկել է ԵՄ ընկերություններին մշակել ԱՄՆ-ից անկախ վճարման համակարգեր:
Մերկելը, կարելի է ասել, հաստատել է այս առաջարկը՝ ասելով, որ Եվրոպան պետք է այսուհետ ավելի շատ մտածի սեփական ճակատագիրը կառուցելու մասին: Արտգործնախարար Մաասն էլ երկուշաբթի Բեռլինում նկատել է, որ անհրաժեշտ է նոր, հավասարակշռված համագործակցություն հաստատել ԱՄՆ-ի հետ, որպեսզի ձեռք բերվի մանեւրելու եւ նոր իրականությանը ճկուն արձագանք տալու հնարավորություն:
Ադրբեջանում Մերկելը ցույց է տվել Հարավային գազային միջանցքին իր աջակցությունը, որին ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն աջակցում են՝ ի նպաստ Ռուսաստանից Եվրոպայի կախվածությունը նվազեցնելու: Մերկելը նշել է, որ Ադրբեջանը ԵՄ-ի համար կարեւորվում է էներգիայի պաշարների բազմազանություն ապահովելու տեսանկյունից:





























