Փողոցային երաժիշտները քաղաքային մշակույթի կարևոր մաս են, և նրանց կարող է ներկայացվել միայն մեկ պահանջ՝ համերգն ավարտել մինչև ժամը 23:00-ն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Հյուսիսային պողոտայում երաժիշտների եւ ոստիկանների մասնակցությամբ միջադեպին:
Նշենք, որ այսօր ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը կառավարությունում անդրադարձավ այս խնդրին՝ ասելով, որ հարցը կարգավորվել է, եւ երաժիշտները կշարունակեն նվագել մինչեւ 23:00-ն, երաժշտության ձայնն էլ ցածր կլինի, որ չխանգարի հարակից շենքերի բնակիչներին:
Այսօր նաեւ նախատեսված է փողոցային երաժիշտների համերգ Հյուսիսային պողոտայում՝ ի աջակցություն պողոտայից վտարված երաժիշտների:
Ոստիկանությունից այս առնչությամբ հայտնել էին, որ օգոստոսի 29-ին ժամը 21:30-ին ոստիկանության ծառայողները Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 175 հոդվածի (հասարակական վայրերում ոգելից խմիչքներ օգտագործելը կամ ոչ սթափ վիճակում հայտնվելը) հիմքով Հյուսիսային պողոտայում վարչական ձերբակալման են ենթարկել Ուկրաինայի Հանրապետության 2 քաղաքացու ու բերել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Նրանց նկատմամբ նույն հոդվածով կազմվել է վարչական արձանագրություն, նրանք ազատ են արձակվել:





























