Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային, որը կոռուպցիայի գործով 12 տարվա պատիժ է կրում, մերժել են հոկտեմբերի 7-ին պետության ղեկավարի պաշտոնի ընտրություններում որպես թեկնածու մասնակցելու իրավունքը: Օգոստոսի 31-ին համապատասխան որոշում է ընդունել Բրազիլիայի Բարձրագույն ընտրական դատարանը 8 ժամ տեւած նիստից հետո, փոխանցում է «Գերմանական ալիքը»:

Դա Սիլվան դեռեւս կարող է դատավճիռը բողոքարկել:

Քաղաքական գործչի առաջադրման նախաձեռնությամբ հանդես էր եկել նրա ղեկավարած Աշխատավորների կուսակցությունը: Բրազիլիայի գլխավոր դատախազ Ռաքել Դոջը եւ աջ հոսանքի մի շարք քաղաքական գործիչներ բողոք էին ներկայացրել պետության նախկին ղեկավարին թեկնածու գրանցելուց հետո:

Հասարակական կարծիքի վերջին հարցումներով՝ դա Սիլվային, որպես նախագահական ընտրարշավի մասնակից, աջակցել է հարցվածների մոտ 40 տոկոսը, վարկանիշում նա մեծ տարբերությամբ զբաղեցրել է առաջին տեղը:

Լուլա դա Սիլվան, ով մեղադրվում է կոռուպցիայի մեջ, 2018 թվականի ապրիլին դատապարտվել է 12 տարի ժամկետով բանտարկության: Ե՛վ 72-ամյա նախկին նախագահը, ե՛ւ Աշխատավորների կուսակցությունը խոսել են դատավարության քաղաքական բնույթի մասին, որի նպատակն է, նրանց պնդմամբ, կուսակցության իշխանության վերադարձը կանխելը:

Ներկայումս դատավճիռը քննարկում է երկրի գերագույն դատարանը, որը կարող է դատավճիռը չեղարկել:

Բրազիլական օրենքների համաձայն՝ դատավճռի պատճառով Լուլա դա Սիլվան ընտրություններում չի կարող առաջադրվել: Միեւնույն ժամանակ նախատեսվել է այս դրույթը շրջանցելու հնարավորություն բացառիկ հանգամանքների առկայության դեպքում: Համապատասխան որոշումը պետք է կայացներ Բրազիլիայի Գերագույն ընտրական դատարանը:

Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2003-ից 2011 թվականներին: