ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն եւ Արդարադատության նախարարությունը 2014-2016 թվականների ընթացքում փորձել են ռուս միլիարդատեր Օլեգ Դերիպասկային իրենց տեղեկատուն դարձնել, սակայն անհաջող, գրում է The New York Times-ը։ Պարբերականը որպես իր տեղեկության աղբյուրներ է նշում գործող եւ նախկին պաշտոնյաների, ինչպես նաեւ մարդկանց Դերիպասկայի շրջապատից։
Պարբերականի զրուցակիցը պատմել է, որ ամերիկյան հատուկ ծառայությունները «ազդանշան են տվել» Դերիպասկային ԱՄՆ մուտքի վիզայի համար օժանդակություն ստանալու հնարավորության մասին, ինչպես նաեւ ամերիկյան արդարադատության հետ խնդիրների լուծում են առաջարկել․ «Փոխարենը նրանք հույս ունեին տեղեկություն ստանալ ռուսական կազմակերպված հանցավորության, իսկ հետագայում նաեւ նախագահ Դոնալդ Թրամփի 2016 թվականի քարոզարշավին ռուսական հնարավոր օգնության մասին»,-գրում է թերթը։
Պարբերականը հիշեցնում է ՀԴԲ-ի գործակալների «առանց հրավերի» այցը Նյու Յորքում Դերիպասկայի տուն, որտեղ նրանք պահանջել են պատմել, թե իր բիզնես գործընկեր Փոլ Մանաֆորթը, որը Թրամփի նախընտրական շտաբի ղեկավարն էր, կապող օղակն է եղել արդյոք Թրամփի թիմի եւ Կրեմլի միջեւ։
«Օլիգարխներին համագործակցության դաշտ բերելու համակարգային ջանքերը կարծես թե ոչ մի արդյունք չեն տվել։ Դերիպասկան ամերիկյան քննիչներին ասել է, որ համաձայն չէ ռուսական կազմակերպված հանցավորության եւ Թրամփի քարոզարշավի ժամանակ ՌԴ-ի հետ դավադրության նրանց տեսությունների հետ»,-թերթին հայտնել է աղբյուրներից մեկը։ Նա հավելել է նաեւ, որ Դերիպասկան Կրեմլին տեղեկացրել է իրեն հավաքագրելու ամերիկյան ջանքերի մասին։





























