Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Brexit-ի հարցով 2-րդ հանրաքվեն անցկացնելու պահանջը ժողովրդավարության գարշելի դավաճանություն է համարում։ Այս մասին նա գրել է The Sunday Telegraph-ի համար պատրաստած հոդվածում։

Մեյը նշել է, որ իրեն չեն ստիպի փոխզիջումներ անել, որոնք չեն մտնում Բրիտանիայի ազգային շահերի մեջ։ Նա հանդես է եկել ի պաշտպանություն ԵՄ-ից դուրս գալու Բրիտանիայի գործող կառավարության ծրագրի։ Նա նաեւ հավելել է, որ չի հանձնվի նրանց, որոնք պահանջում են երկրորդ հանրաքվե անցկացնել, որի ժամանակ նախատեսվում է որոշել ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու պայմանները։ Բրիտանիայում գործում է «Ժողովրդի ձայնը» (The People's Vote) կազմակերպությունը, որի մեջ ներառված են խորհրդարանի մի քանի անդամներ, որոնք կոչ են անում 2-րդ հանրաքավեն անցկացնել։

«Մենք ցանկանում ենք դուրս գալ շահավետ համաձայնագրով եւ մենք վստահ ենք, որ կարող ենք դրան հասնել։ Սակայն, իհարկե, պետք է  դեռ շատ բանակցություններ անցացնենք»,-գրել է Մեյը։ Վարչապետը շեշտել է, որ Լոնդոնում պատրաստվում են  առանց համաձայնագրի դուրս գալուն․ «Որոշ հարցերում լուրջ դժվարություններ կլինեն ե՛ւ Բրիտանիայի, ե՛ւ ԵՄ-ի համար»,-ընդգծել է նա։

Չեկարսում համաձայնեցված ծրագիրը նախատեսում է, որ Բրիտանիան պետք է հետեւի համաեվրոպական չափանիշներին ու  կարգավորման միջոցներին ապրանքների ու գյուղատնտեսական արտադրանքի առեւտրի դեպքում, փոխարենը անսահմանափակ առեւտրի իրավունք ստանա ԵՄ միասնական շուկայում։