Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննում է 2018թ. ապրիլի 22-ին Էրեբունիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով կալանավորված 30-ամյա Գոռ Խաչատրյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնարդությունը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Խաչատրյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:

Որոշումը կհրապարակվի ժամեր անց՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոնի նստավայրում:

Նշենք, որ այս գործով ներկայումս կալանքի տակ են միայն Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը եւ Գոռ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ 2018թ. ապրիլի 22-ին մի խումբ անձինք, որոշները՝ բժշկական դիմակներով, հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա եւ քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ հունիսի 1-ին մեղադրանք է առաջադրվել 5 անձի. Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով: Քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին, Մասիս քաղաքի բնակիչներ՝ 1982թ. ծնված Ս.Սահակյանին, 1995 թ. ծնված Գ.Համբարձումյանին եւ 1988 թ. ծնված Գ.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով (Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, , գույք ոչնչացնելը կամ վնասելը):