Այսօր՝ սեպտեմբերի 3-ին կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց են իրականացնում Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի բնակիչները՝ բողոքելով նախկին գյուղապետ Ռազմիկ Մարգարյանի կողմից իրականացված «թալանի» դեմ։ Նրանք հանդես են գալիս «Նոր Հայաստան, նոր Եղեգնուտ» կարգախոսով։

Գյուղացիները պնդում են՝  ՀՀԿ–ական նախկին գյուղապետը 34 տարի «լափել» է։ Եղեգնուտցիների պնդմամբ՝ նախկին գյուղապետը համայնքի բյուջեից անընդհատ գումարներ է դուրս գրել տարբեր մարդկանց անուններով, տարբեր ունեւորների ձեւակերպվել է իբրեւ սոցիալապես անապահովներ, եւ այդ գումարները յուրացրել է։

Նրանք նաեւ նշեցին, որ «Ռազմիկ Մարգարյանի հրաժարականից հետո գյուղը խաղաղվել էր, սակայն օրերս մարզ է այցելել ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության ներկայացուցիչը, որն իրենց տեղեկություններով, եկել է նախկին գյուղապետին այդ պաշտոնին վերականգնելու համար։

Գյուղացիները պնդում են նաեւ, որ «գյուղապետարանի աշխատակիցները բոյկոտում են ու չեն գալիս աշխատանքի հին գյուղապետի ցուցմունքով, ավագանիներն էլ նրա եղբայրներն են, բոլորը գյուղին են տիրացել»:

Եղեգնուտցիների հետ հանդիպման եկավ ՀՀ Արմավիրի մարզի մարզպետ Գագիկ Միրջանյանը, որը խնդրեց  վերադառնալ գյուղ, անցնել բնականոն աշխատանքի ու երեկոյան ժամը 19:00-ին աշխատանքային խմբով գնալ իր մոտ քննարկման:

Գյուղացիները համաձայնեցին ու դադարեցրեցին կառավարության դիմաց բողոքի ցույցը։

Լրագրողների հետ զրույցում մարզպետը նշեց, որ վարչական վարույթ է իրականցվել,  վարչական վարույթի պատրաստ ակտը ուղարկվել է համապատասխան գերատեսչություն, որ տրվի իրավական, ֆինանսական, տեխնիկական գնահատական, իսկ այս պահին իրավապահ մարմիններից արձագանք չկա։

Հիշեցնենք, որ գրեթե 2 ամիս առաջ հրաժարական տված Ռազմիկ Մարգարյանը միայն վերջերս էր իր աշխատասենյակը զիջել մարզպետի որոշմամբ գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Ռազմիկ Մկրտչյանին: