Սեպտեմբերի 2-ին, ժամը 11։10-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Գուգարքի բաժին հաղորդում ստացվեց, որ ահազանգել է մի քաղաքացի եւ հայտնել, որ Մարգահովիտ գյուղի մոտով սար բարձրանալիս իրեն ու ընկերոջը ծեծել են։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին քաղաքացին հայտնեց, որ նախորդ օրը, ժամը 20.00-ի սահմաններում, «Արջի թալա» կոչվող վայրում, որտեղ բնակվում է ընկերը, դիմակավորված երկու անձինք փայտերով հարձակվել ու հարվածներ են հասցրել ընկերոջ գլխին։ Իրեն հաջողվել է փախչել, իսկ հարձակվածները հափշտակել են ընկերոջ ոսկյա շղթան, մատանին եւ 5.000 դրամը:

Տուժածը, գլխի վնասվածքներով, շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Ոստիկանության Լոռու մարզային վարչության եւ Գուգարքի բաժնի ծառայողները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական եւ բացատրական ծավալուն աշխատանքներ կատարվածը բացահայտելու ուղղությամբ։ Արդյունքում՝ ոստիկանություն ահազանգած քաղաքացին՝ 28-ամյա Վլադիմիր Լ.-ն, հաղորդում տվեց, որ Լոռու մարզի Գուգարք գյուղում, սեպտեմբերի 1-ին, ժամը 12.00-ի սահմաններում, հանդիպել է իր ծանոթներ՝ 22-ամյա Գեւորգ Ղ.-ին եւ Վարդան Պ.-ին։ Տղաներն առաջարկել են հափշտակել ընկերոջ ոսկյա զարդերը: Վլադիմիր Լ.-ն համաձայնել է, եւ միասին գնացել են Մարգահովիտ գյուղ։ Նախնական պայմանավորվածությամբ, Վլադիմիր Լ.-ն գյուղի գարեջրատանը տուժողի հետ մինչ երեկո կոնյակ է խմել, իսկ Գեւորգ Ղ.-ն եւ Վարդան Պ.-ն սպասել են նրա տան մոտ:

Ժամը 20.00-ին, երբ Վլադիմիր Լ.-ն ու ընկերը գնացել են տուն, դուռը բացելիս Գեւորգ Ղ.-ն եւ Վարդան Պ.-ն՝ վերնազգեստով դիմակավորված, մահակներով հարձակվել են։ Վլադիմիր Լ.-ն հեռացել է։

Նա ոստիկաններին հայտնեց նաեւ, որ դեպքից հետո Գեւորգ Ղ.-ն իրեն տվել է 1.000 դրամ, տաքսիով տուն են բերել, իսկ իրենք մեկնել են Գյումրի՝ ոսկյա զարդերը իրացնելու:

Ձեռնարկված միջոցառմամբ Գեւորգ Ղ.-ն եւ Վարդան Պ.-ն հայտնաբերվել ու բերման են ենթարկվել ոստիկանության Գուգարքի բաժին։ Վլադիմիր Լ.-ի հետ նրանք ներկայացվել են Լոռու մարզի քննչական վարչություն եւ 3-ն էլ ձերբակալվել են:

Հարուցված քրեական գործի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների արդյունքում Գեւորգ Ղ.-ի տնից հայտնաբերվել եւ առգրավվել է վրան ու պայուսակ, իսկ աշխատավայրից՝ հափշտակված ոսկե մատանին եւ վերնազգեստ, որը ծառայել էր որպես դիմակ:

Ձեռնարկվում են միջոցառումներ ոսկյա շղթան հայտնաբերելու ուղղությամբ:

Հետագա քննությամբ պարզվել է նաեւ, որ նկարագրված ավազակային հարձակումից առաջ Գեւորգ Ղ.-ն եւ Վարդան Պ.-ն Նիդերլանդների Թագավորության մի քաղաքացու՝ Մրգահովիտ գյուղում գտնվող տնից գողացել են 3-4 պայուսակ։

Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:

Պատճառված վնասի չափը եւ հանգամանքները պարզվում են:

Քննությունը շարունակվում է: