Սեպտեմբերի 1-ի առավոտյան օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Գրիբոեդով գյուղի մի բնակիչ եւ հայտնել, որ նշված գյուղի Սեւակի փողոցում գտնվող իր աղջկա տնից գիշերը գողություն են արել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն գյուղի բնակիչ, ոմն Արմեն, ժամը 01-30-ի սահմաններում տան հետնամասից բաց պատուհանով մտել է ներս, հյուրասենյակի սեղանի վրա դրված փողը հափշտակելուց հետո, հանդիպելով տանտիրուհուն, ձեռքով փակել է նրա բերանը, հրել եւ դիմել փախուստի:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ ոմն Արմենը Գրիբոյեդով գյուղի բնակիչ, 1988 թ. ծնված Արմեն Ս.-ն է, որը նույն օրը, ժամը 10-00-ի սահամններում, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով գյուղից բերման է ենթարկվել եւ ներկայացվել Վաղարշապատի քննչական բաժին:

Քննությունը շարունակվում է: