«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում տեղի ունեցած խուզարկության եւ քրեական գործ հարուցելու մեջ որեւէ քաղաքական ենթատեքստ չկա: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսում նշեց Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը:
Նա հիշեցրեց, որ մոտ 15 օր առաջ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում կատարվել էր խուզարկություն, հարուցվել է քրգործ, քննություն է ընթանում:
«Ես անհանգստացած էի, փորձել եմ պարզել, թե ինչումն է բանը, ենթադրում եմ, որ բավարար հիմքեր եղել են առերեւույթ հանցագործության հատկանիշներ եղել են քրգործ հարուցելու եւ քննություն սկսելու համար: Մենք կսպասենք, կտեսնենք ուր է հասնում գործը: Եվ մենք, եւ ռուսական կողմը, կարծում եմ՝ շահագրգռված են իրականությունը հասկանալու եւ պարզելու, թե որքանով են նշված չարաշահումները համապատասխանում իրականությանը»,-ասաց նախարարը:
Նա ընդգծեց, որ իրենք գործընկերային հարաբերությունները շարունակում են «Հարավկովկասյան երկաթուղու» հետ եւ որ տեղի ունեցածը չի ազդել մեր աշխատանքների վրա:
«Մենք հեռախոսազրույցներ ենք ունեցել ռուսական կողմի հետ, բոլորս շահագրգիռ ենք, որ հասկանանք իրականությունը: Այստեղ որեւէ քաղաքական ենթատեքստ չկա: Մենք կոնցեսիոն պայմանագրով իրավասու չենք խառնվել իրենց կոմերցիոն գործարքներին, բայց պարբերաբար հաշվետություններ ստանալու իրավունք ունենք: Որեւէ քաղաքական հայտարարություն անելու իմաստ չեմ տեսնում»,-ընդգծեց նախարարը:





























