Եթե գործարանը խաղողը խոստացած 160 դրամի փոխարեն մթերում է 140 դրամով, մնացած 20 դրամը կարող է սուբսիդավորել պետությունը. Արմավիրցի խաղողագործի այս առաջարկը լուծման լավ տարբերակ է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5–ին, խաղողի մթերման ցածր գնի դեմ բողոքող՝ արմավիրցի խաղողագործների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը։
Նա, սակայն, նշեց այս լուծմանը հասնելու դժվարությունները. «Ուղղակի գյուղնախարարության ներկայացուցիչը ինձ ներկայացրեց, որ մենք չունենք ռեեստր, դրա համար կարող են դժվարություններ առաջանալ»։
Արմավիրի մարզպետը հայտարարեց՝ ամեն ինչ անելու են, որ տնտեսվարող սուբյեկտի հետ հստակ ֆիքսված գնով պայմանագիր ունեցող գյուղացիները խաղողը մթերեն նույն գնով։
Լրագրողների դիտարկմանը, որ որոշ գործարաններ պայմանագրում որեւէ գին չեն նշում, մարզպետը պատասխանեց. «Դա երկու տնտեսվարող սուբյեկտների միջտնտեսային հարաբերությունն է, եթե մենք գտնենք լծակ, որով կարող է պետական կառավարչական մարմինը միջամտել, վստահեցնում եմ ձեզ՝ միջամտելու ենք։ Բայց այս պահի դրությամբ այդ լծակը մենք չունենք»։
Թունաքիմիկատների անորակության մասին՝ գյուղացիներից մեկի մտահոգությանը, որը պնդում էր, թե Սամվել Ալեքսանյանը շուկան մենաշնորհել էր, մարզպետն արձագանքեց. «Ես առաջին անգամն եմ լսում, մենք պետք է հասկանանք մեր լծակները եւ իրավական հիմքերը, տարածքային կառավարման մարմինները, հանձինս մարզպետարանի, եթե ունենան լծակներ, ապա անպայման կիրականացնենք ուսումնասիրություն»։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արմավիրի խաղողագործները, որոնք երեկ փակել էին Արմավիր-Երեւան մայրուղին, այսօր կրկին բողոքի ակցիայի են դուրս եկել: Նրանք պահանջում են խաղողի մթերման գինը 140 դրամից բարձրացնել 160 դրամի: Խաղողագործները պնդում են, որ մթերող ընկերությունների հետ պայմանագրեր ունեն, որ խողողը մթերեն 160 դրամով, սակայն քանի որ ոլորտում հիմնական դերակատար Երեւանի կոնյակի գործարանը խաղողը մթերում է 140 դրամով, մյուս բոլորը եւս անցել են 140 դրամի:




























