Սեպտեմբերի 6-ին Երեւանում երթ կանցկացվի ի պաշտպանություն անօթեւան կենդանիների: Սեպտեմբերի 5-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց «Propose» կազմակերպության հայկական մասնաճյուղի ներկայացուցիչ Նարե Արամյանը, խաղաղ երթը կմեկնարկի 16:00-ին կառավարության շենքի մոտից: Երթին կմասնակցեն հայտնի արտիստներ, կամավորներ, կենդանիների երկրպագուներ՝ իրենց ձեռնասունների հետ:

Երթը կընթանա մինչեւ Երեւանի քաղաքապետարանի շենք, քաղաքապետարանի ներկայացուցիչներին կփոխանցվի գրավոր խնդրագիր կենդանիների պաշտպանության ոլորտում գոյություն ունեցող խնդիրների լուծման մասին:

Արամյանի խոսքով՝ խնդրագրի տակ դրված է գրեթե 5 հազար ստորագրություն, ընդ որում՝ խոսքը ոչ միայն ֆիզիկական անձանց մասին է, այլ նաեւ տարբեր կազմակերպությունների, այդ թվում՝ արտասահմանյան:

«Հայաստանում տարիներ շարունակ թափառող կենդանիների խնդիրը պատշաճ կերպով չի լուծվել: Սակայն հիմա մենք տեսնում ենք այս մոտեցումը փոխելու կառավարության հետաքրքրվածությունը: Այս հարցում կան նաեւ օրենսդրական խնդիրներ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար քրեական պատասխանատվության բացակայությանը»,- նշեց Արամյանը:

Նրա խոսքով՝ գոյություն ունեցող խնդիրների լուծման համար կարելի է ներդնել ուրիշ երկրների հաջողված փորձը: