Զինված ուժերում ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների մոտ թույլատրվող հեռախոսները պետք է ունենան սահմանափակ ֆունկցիոնալ հնարավորություններ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

Դիտարկմանը, որ ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ զինվորներին հնարավորություն կտրվի օգտվել բջջային հեռախոսներից, արդյոք այդ հարցում կա՞ն որոշակի սպառնալիքներ, Գաբրիել Բալայանը պատասխանեց. «Մինչեւ այդ հրամանը պաշտպանության նախարարին ներկայացվելը բավական լուրջ փորձաքննություն է անցնում համապատասխան մասնագիտական ստորաբաժանումների կողմից: Ձեր կողմից մատնանշած բոլոր ռիսկերը գնահատվում են՝ նախքան պաշտպանության նախարարին այն ստորագրման ներկայացվելը:

Այդ հեռախոսները պետք է ունենան սահմանափակ ֆունկցիոնալ հնարավորությունները, որը թույլ կտա պարզապես շփվել հարազատների հետ»:

Նրա խոսքով, տեսանկարահանման կամ լուսաանկարելու հնարավորություն ունենող հեռախոսներ թույլ տալը զինվորական ծառայության ընթացքում շարքային կազմի պարտադիր զինծառողներին մեծ ռիսկեր է պարունակում. «Դրանք կարող են բացահայտել օրենքով սահմանված գաղտնագրման ենթակա տեղեկություններ:

Որոշակի տեղեկատվություն կա, որը հնարավոր է բացահայտել, եթե այդ հեռախոսները գտնվեն շարքային կազմի զինծառայողների մոտ: Օրինակ կարող են, նկարահանել զինվորականմասի տարածքը, հրապարակել մարտական դիրքեր եւ այլն»:

Նա տեղեկացրեց, որ այդ հեռախոսներին վերաբերող կարգում միայն հեռախոսի տեխնիկական բնութագիրը չի, նաեւ օգտագործման կանոններ կան. «Այսինքն որոշակի ժամերի, պարապմունքներից եւ հերթապահությունից ազատ ժամերի ընթացքում կարող են օգտագործել այդ հեռախոսները»: