Մենք այսօր կհանդիպենք խաղող մթերող ընկերությունների հետ եւ կքննարկենք մթերման գինը վերանայելու հարցը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում նշել է գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:
Նրա խոսքով, նախօրեին խաղողի մթերման սեզոնից առաջ տեղի է ունենում քննարկում բոլոր մթերողների հետ, որից հետո առանձին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մասնակցությամբ խոսել են նաեւ Երեւանի կոնյակի գործարանի ղեկավարության հետ:
«Փորձել ենք հասկանալ առաջարկած գնի պահանջարկը: Նրանք ասում են, որ իրենք ավելի շատ են մթերում, ավելի թանկ ենք մթերում, քան եղել է անցյալ տարի: Հիմա նրանց առաջարկած գինը որոշակի մտահոգություններ է առաջացրել գյուղացիների մոտ: Ցավոք, դա կարող է բերել նաեւ շղթայական ռեակցիայի, որ մյուս ընկերությունները նույնպես նվազեցնեն գինը, անգամ ավելի շատ, քան Կոնյակի գործարանի սահմանած գինն է»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ դա իրենց համար մտահոգիչ է:
Նա ընդգծեց, որ այսօր հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո եկել է այստեղ, լսել խաղաղագործների մտահոգությունները. «Կհանդիպենք կոնյակ արտադրողներից գոնե համակարգաստեղծ գործարանների հետ, նաեւ խոսակցություն կլինի կառավարության ներսում: Իհարկե, կխոսենք գնի մասին: Մենք չենք կարող մթերող ընկերությանն ասել՝ էս գնով մթերեք, իրենք են գինը որոշում»,-ասաց Արթուր Խաչատրյանը՝ նկատելով, որ իրենք կփորձեն օգտագործել իրենց ազդեցիկ խոսքը:
«Մենք լիահույս ենք, որ խաղողի մթերման գները վերանայելու հնարավորությունը կա: Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ ինքնարժեքը 110-120 դրամի սահմաններում է»,-ընդգծեց նախարարը:
Նա ռիսկային համարեց մթերման գնի սուբսիդավորումը. «Սուբսիդավորումը ռիսկային է, դա պետք է թիրախային լինի: Դրանից առաջ պետք է խաղողի կադաստր ստեղծել, իմանալ ինչ ունես, ինչ տեսակի ունես: Սուբսիդավորման դեպքում՝ մթերող ընկերությունը կարող է անընդհատ գինը գցի, գյուղացին ստանա նույն գումարը, իսկ մեր բոլորի հարկերը գնան ոչ արդյունավետ ծախսերի»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին խաղողագործները փակել էին Արմավիր-Երեւան մայրուղին եւ բողոքում էին, որ խաղողի մթերման գինը 160 դրամից նվազել է 140 դրամի:





























