Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Երեւանի քաղաքապետարան «Սանիթեք» ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից իր պարտավորությունների ոչ պատշաճ կատարման շարունակության պարագայում այլ օպերատորի ներգրավման հարցը քննարկելու համար։ Գրության համար հիմք են հանդիսացել շարունակվող բողոքների ուսումնասիրությունը։
ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, վերջին ամիսներին Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բազմաթիվ բողոքների համաձայն՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում աղբահանությունն իրականացվում է ոչ պատշաճ, իսկ առանձին դեպքերում ընդհանրապես չի իրականացվում։ Զանգերն ու բողոքները «Սանիթեքի» թեժ գծին մնում են անպատասխան։ Ավելին, քաղաքացիները ոչ պատշաճ են ծանուցվում կամ գրեթե չեն ծանուցվում աշխատանքների ձգձգման կամ դրանց կատարման ժամկետների վերաբերյալ։ Նմանատիպ բազմաթիվ տեղեկություններ կան նաեւ լրատվամիջոցների հրապարակումներում, սոցցանցերում։
Ստեղծված իրավիճակը խնդրահարույց է դառնում՝ հաշվի առնելով նաեւ բնակչության առողջությանը վնաս հասցնելու ռիսկերը:
Մարդու իրավունքների պաշտպանը հետեւողական է լինելու խնդրի կարգավորման ուղղությամբ շտապ ու արդյունավետ լուծումներ գտնելու հարցում։





























