Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ քննում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի կալանքը փոխելու, վերացնելու կամ անփոփոխ թողնելու հարցը։ Սարգսյանը դատարանում ներկայացրեց իր ինքնությունը հաստատող տվյալներ: Նա ասաց, որ ծնվել է Արցախի Հանրապետությունում՝ Ստեփանակերտ քաղաքում: Ամուսնացած է, ունի երկու երեխա` 5 եւ 2 տարեկան:
Սարգսյանն ասաց, որ նախկինում դատված չի եղել, ունի բարձրագույն կրթություն` իրավաբանի բակալավրի եւ միջազգային հարաբերությունների մագիստրոսի որակավորում: Սարգսյանը հայտնեց, որ աշխատել է Երեւանի քաղաքապետարանում, զբաղեցրել է Հասարակական կարգի պահպանության ծառայության պետի տեղակալի պաշտոնը:
Դատավորի հարցին՝ արդյոք առողջական խնդիրներ ունի՝ Սարգսյանը նշեց, որ ունի, բայց բարձրաձայն ասել չի կարող։ Մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանն էլ հետաքրքրվեց, թե ինչ լեզվով է կրթություն ստացել մեղադրյալը՝ հայերե՞ն, թե՞ ռուսերեն։ Սարգսյանը պատասխանեց, որ հայկական դպրոց է հաճախել եւ տիրապետում է հայերենին։
Նշենք, որ դատական նիստին ներկա են նաև Հայկ Սարգսյանի մայրն ու կինը։ NEWS.am-ի հետ զրույցում Սարգսյանի մայրը հրաժարվեց խոսել որդու վերաբերյալ քննվող քրեական գործից։ Հարցին՝ արդյոք կարողացել է կալանավայրում տեսակցել որդուն, տիկին Սարգսյանը պատասխանեց. «Վերջերս են վերացրել տեսակցությունների արգելքը, ամիսը երկու անգամ տեսակցություն թույլ են տալիս»:






























