ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը գործընկերներին հորդորում է անպատասխանատու հայտարարություններին վերջ տալ։ Այս մասին նա հայտարարեց այսօր՝ սեպտեմբերի 7-ին լրագրողների հետ զրույցում։

«Իմ գործընկերներից մեկը երեկ ընտրակաշառքի, խախտումների մասին հայտարարություն արեց, երբ որ ես իրեն հորդորեցի, որ մի հատ անուն հնչեցնի, մի հատ անուն չկարողացավ հնչեցնի: Էդ անպատասխանատու հայտարարություններին վերջ տվեք: Կոնկրետ ինչ կա՝ ասեք»,–ասաց նա։

Շարմազանովն ընդունում է՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում թերություններ եղել են, սակայն չկան բավարար հիմքեր դրա արդյունքները չընդունելու համար. «Չկա աշխարհում մի երկիր, որտեղ ընտրությունները իդեալական են անցնում, բայց ստվեր գցել 2017 թվականի ընտրությունների ու դրանց արդյունքների վրա, որեւէ մեկը չի կարող, քանի որ հենց ինքը՝ Փաշինյանն է ընդունել այդ ընտրությունների արդյունքները։ Բոլոր միջազգային կառույցներն ընդունել են խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ 

Թերություններ եղել են, այդ իսկ պատճառով մենք մեր իշխանության օրոք ասել ենք, որ պատրաստ ենք բարեփոխել ամբողջ օրենսդրությունը»։

Անդրադառնալով ընտրակեղծիքների պատժի խստացման հարցով իր ելույթին օրինագծի առաջին ընթերցման ժամանակ, նա նշեց. «Քրեական օրենսգրքում» փոփոխությունների նախագծի նախնական տարբերակում կային ձեւակերպումներ, որոնք անընդունելի էին, թերի էին, որը ընդունել է կառավարությունը։ Կա իրազեկման խնդիր։ Երբ որ դու գնում ես, ասում ես՝ տատիկ ջան, կուզե՞ս թոշակդ ավելացնեմ, կամ տատիկ ջան, հացի փող չունես, խանութում նիսյաներդ կփակեմ ու տատիկը աչքերը ճպճպացնում է, ասում ես՝ տատի ջան, գնացիր մի 3-6 տարի, տենց չի լինում, էլի»,–եզրափակեց պատգամավորը: