«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը «Փարավոն» ռեստորանային համալիրում անցկացնում է «Կայուն եւ հարմարավետ քաղաքներ» խորագրով միջազգային կոնֆերանսը, որին մասնակցում են տարբեր երկրներից շուրջ 40 քաղաքապետեր, Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ թեկնածուներ:

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր խոսքում նշեց, որ Երեւանի կարեւորագույն խնդիրները 5-ն են. «Առաջինը լիֆտերի խնդիրն է: Երեւանն ունի 4957 լիֆտ, որից 5-10 տոկոսն է նոր, մնացածը 20-30 տարվա են»: Ծառուկյանն առաջարկեց յուրաքանչյուր վերելակի վերանորոգման համար հատկացնել 800 դոլար եւ ունենալ թարմ վերելակներ: Երկրորդ խնդիրն ըստ նրա, աղբահանությունն է, որի լուծումը աղբի վերամշակման գործարանի կառուցումն է: «Պետք է տենդեր հայտարարվի, կարճ ժամանակում հարցը լուծվի»:

Ծառուկյան անդրադարձավ նաեւ բնակարանաշինության խնդիրն. «Երեւանում կարելի է տարեկան կառուցել 100 հազար քմ բնակարան: Կան երիտասարդներ, կան թոշակառուներ, հաշմանդամներ, ազատամարտիկներ: Այսօր մեկ քմ կառուցելը 240-260 դոլար է կազմում: Դրան քաղաքապետարանը թող ավելացնի իր շահույթը՝ 50 դոլար: Էդ դեպքում ասենք քմ-ն 300 դոլարով բնակարան գնելը, ոնց որ տան վարձ վճարես:

Ունենք վթարային շենքեր, Երեւանի 20-30 տոկոսը վթարային շենքեր են: Պետք է մարդկանց օգնենք, կառուցեն: Ասֆալտապատման խնդիր կա: Մի տարում մի հատ գարունն են անում, մի հատ աշունն են անում, ոնց կարելի է: Բորդյուրները մնում են ասֆալտի տակ: Սեւանի ճանապարհին էլ արդեն ասֆալտը բորդյուրին ա հասել: Բայց կարելի է տենդեր սահմանել, մրցույթ անել, ոչ թե անձրեւի տակ անեն, ձյան տակ անեն, այլ պատասխան տան, որ եթե վաղը փչացավ՝ ինքը պետք է իր հաշվին վերանորոգի»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:

«Գիտեք՝ կայացած, ունեւոր, ոչ մի անգամ պետական պաշտոնի չեմ եղել, մենաշնորհ չեմ ունեցել: Մարդ ինչքան կամեցող ա, Աստված իրան այդքան տալիս է»,- ընդգծեց նա: