Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները մաքսանենգ ձկնկիթ ներմուծելու փորձ են բացահայտել:

ՊԵԿ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ շուրջ 5,5 կիլոգրամ ընդհանուր քաշով սեւ եւ կարմիր ձկնկիթը հայտնաբերվել է Թբիլիսի-Սպիտակ երթուղային տաքսիով Հայաստան ուղեւորվող Վրաստանի քաղաքացի Նաիրա Միքելաձեի մոտ, ում անձնական ուղեբեռը զննման էր ենթարկվել Գոգավան-Պրիվոլնոյե մաքսակետում: Հենց այդտեղ էլ ՊԵԿ-ի Նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները պարզել են, որ Վրաստանի քաղաքացու կողմից ապակյա տարաներով տեղափոխվող ձկնկիթը հայտարարագրված չէ:

Փաստի առթիվ կազմվել է արձանագրություն: Ն.Միքելաձեից վերցվել է բացատրություն, իսկ չհայտարարագրված ապրանքն ի պահ է հանձնվել «Ձյունիկ սառնարան» ընկերության մաքսային պահեստ: