Եթե այս կամ այն ժողովուրդը հստակ եւ կոշտ դրել է ինքնորոշման խնդիրը, վաղ թե ուշ այդ հարցը կլուծվի հօգուտ նրա: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնելքաղաքագետ Երվանդ բոզոյանը` մեկնաբանելով Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրի հայտարարությունը, թե ինքը ճանաչում է հանրաքվեի արդյունքները:

« Տվյալ փաստը լուրջ ազդեցություն կունենա Մերձավոր Արեւելքի երկրներում նմանատիպ գործընթացների վրա»,- նկատել է Բոզոյանը:

Հարցին, թե որքանով է իր տվյալ հայտարարությունը վերաբերում ղարաբաղյան հակամարտությանը եւ կարելի է Սուդանի դեպքը նախադեպ համարել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքի իրավման համար, Բոզոյանն ասել է, թե նախադեպն արդեն կա, եւ այդ նախադեպը Կոսովոն է: «կոսովոն նախադեպն էր, իսկ Սուդանը շղթայի շարունակություն: Տվյալ փաստը որոշակի գործընթացի սկիզբն է, որի ավարտը կառնչվի նաեւ Լեռնային Ղարաբաղին»,- նկատել է փորձագետը:

Նշենք, որ Սուդանի նախագահը պաշտոնապես ճանաչել է հանրաքվեի արդյունքները: Հարավային Սուդանի անջատման հարցով հանրաքվեն կայացել է հունվարի 9-ից հունվարի 15-ը: Դրան մասնակցել են 3,76 միլիոն գրանցված ընտրողների 80 տոկոսը: Մասնակցած ընտրողների մոտ 99 տոկոսը կողմ է արտահայտվել անկախությանը: