Եգիպտոսի մայրաքաղաքում ընդդիմության բողոքի գործողությունների մասնակից Ահմեդ Զաաֆանն ու Օլա Աբդել Համիդը որոշել են իրենց հարսանիքն անել Թահրիրի հրապարակում, որտեղ շարունակվում են երկրի նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականի պահանջոց բողոքի ակցիաները:

Հարսանիքի արարողությունը տեղի է ունեցել փետրվարի 6-ին, որի հյուրերն են եղել հրապարակի տասնյակ հազարավոր ցուցարարները: 29-ամյա Զաաֆանն ու նրա հարսնացու 22-ամյա Համիդը որոշել են չհեռանալ հրապարակից, դրանով իրենց աջակցությունը հայտնել ցուցարարներին եւ նրանց հետ կիսել իրենց ուրախությունը, գրում է Lenta.ru-ն:

Հիշեցնենք, որ Եգիպտոսում Հոսնի Մուբարաքի հրաժարականի պահանջով զանգվածային բողոքի ակցիաներն սկսվել են հունվարի 25-ից: 82-ամյա Մուբարաքը երկիրը ղեկավարում է արդեն 30 տարի: Նա ստիպված է եղել խոստանալ, որ հաջորդ նախագահական ընտրությունների ժամանակ ոչ ինը, ոչ իր որդին չեն առաջադրվելու նախագահի թեկնածու, սակայն ընդդիմադիրները պահանջում են նրա անհապաղ հրաժարականը: Տարբեր տվյալներով զանգվածային հուզումների հետեւանքով Եգիպտոսում զոհվել է շուրջ 300 մարդ, ավելի քան 1500-ը՝ վիրավորվել են: