Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությունները վկայում են, որ նա ընդհանրապես կապ չի ունեցել քաղաքականության հետ, այլ ընդամենը հայտնի հեքիաթի հերոսի` Քաջ Նազարի բախտով հայտնվել է մի երկրում, որում առայսօր խանգարողի եւ խոչընդոտողի դեր է տանում:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի անդամ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը` անդրադառնալով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի` «Մեդիամաքսին» տված հարցազրույցին, որում նա մասնավորապես նշում է, թե կուսակցություններ չի ստեղծել ու չի ձգտել գլխավորել գործող կուսակցություններից մեկը, նաեւ հավելել է, թե ՀՀԿ-ի խորհրդարանական ցուցակն անուն առ անուն համաձայնեցվել է իր հետ:

«Նույնիսկ եթե ցուցակներն իր հետ համաձայնեցնելու խնդիր է եղել, այն, ինչի մասին ինքը խոստովանում է, իրեն, որպես «միակ տղամարդու» պատիվ չի բերում: Ամեն ինչ չի, որ հայտարարում են, առավել եւս որ իր արածն անթույլատրելի բան է եղել: Եթե ինքը թույլատրելիի եւ անթույլատրելիի սահմաները չգիտի, դա նշանակում է, որ քաղաքականապես Քոչարյանն ընդհանրապես անգրագետ է»,-հայտարարեց Սարգսյանը:

Նա նաեւ հավելեց, որ Ռոբերտ Քոչարյանն իր պաշտոնավարման ողջ ընթացքում ոչինչ չի ստեղծել, այլ ընդամենը մաղձ, չարություն, մեծամտություն  է սերմանել, եւ  առաջնորդվել է «միակ տղամարդու» անհավասարակշիռ սինդրոմով:

Հարցին, թե նախկին նախագահի  վերջին հայտարարությունը չի՞ հուշում, որ նա հող է նախապատրաստում քաղաքականություն վերադառնալու համար, ՀԱԿ անդամն արձագանքեց. «Ինքը արդեն հայտարարել է, որ չի ուզում երիտասարդ թոշակառու լինել: Իմ կարծիքով` նա արդեն երիտասարդ էլ չէ, իսկական թոշակառուի տարիքի է: Բայց եթե ուզում է վերադառնալ քաղաքականություն. ապա թող վերադառնա, ես դրանում ոչ մի խնդիր չեմ տեսնում»: Արամ Սարգսյանը հավելեց նաեւ, որ Քոչարյանի վերադարձը պետք է հուզի ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին եւ ՕԵԿ-ին, այլ ոչ թե Հայ ազգային կոնգրեսին:  «Էդ մարդը պրոբլեմ է իր թիմի համար: Մեզ համար առանձնապես տարբերություն չկա` կվերադառնա, թե՝ չէ: Իսկ ինքը քաղաքականություն է վերադառնում` իր թիմի  համար պրոբլեմներ ստեղծելու նպատակով»,-հայտարարեց Սարգսյանը: