Մինչ քաղաքական դաշտը «ռազբորկաներով է» զբաղված, քաղաքական գործիչներն իրար ուլտիմատումներ են տալիս, մեսիջներ են ուղարկում, բանակից հերթական սպանված զինվորի դին են բերել, գրում է «Հրապարակ» օրաթերթը: Ըստ թերթի`Հադրութում ծառայող վանաձորցի 19-ամյա Գեւորգ Կոտինյանի մարմնի վրա հարազատները բազում վնասվածքներ են հայտնաբերել: Նրան դաժանաբար ծեծի են ենթարկել իր 4 զինվոր ընկերները: Ընթանում է նախաքննություն:
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել ՂՀ Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, փետրվարի 6-ին:
Հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով` 359 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը, նրանց միջեւ ստորադասության հարաբերության բացակայության դեպքում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) եւ 112-իդ հոդվածի երկրորդ մասի 6-րդ եւ 14-րդ կետերով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառերը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից եւ անզգուշությամբ առաջացրել տուժողի մահ): Քրեական գործով կատարվել են անհետաձգելի բոլոր քննչական գործողությունները, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հանցանքը կատարողների շրջանակը պարզված է, այս պահի դրությամբ ձերբակալված կամ կալանավորված անձինք չկան:




























