Հայաստանյան իշխանությունները ԼՂ խնդրի լուծման համար իրենցից կախված ամեն բան չեն անում։ Փետրվարի 9-ին հրավիրված մամուլի ասուլիսը նման հեռետորական հարցուպատասխանով սկսեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը:

«Ղարաբաղի հարցում Հայաստանը լուրջ բացթողումներ եւ անելիքներ ունի։ Մինչ օրս չեն լուծվել ազատագրված տարածքների վերաբնակեցման եւ ԼՂՀ՝ որպես ժողովրդավար երկրի կայացման հարցերը։ Չունենալով ազատագրված տարածքների վերաբնակեցման հստակ ծրագիր՝ Ղարաբաղի ստատուս-քվոն մի տեսակ ինքնանպատակ է դառնում: Այսօր դժվար է գտնել մի երկիր, որի նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի խոսնակը եւ բարձրաստիճան այլ անձինք պաշտոնաթող լինելուց հետո հեռանան իրենց երկրից,  այնինչ Ղարաբաղի դեպքում դա այդպես էլ կա։ Ղարաբաղում արտագաղթը՝ նաեւ բարձրաստիճան այրերի, սկսվեց Ռոբերտ Քոչարյանի Հայաստանի վարչապետ նշանակվելուց հետո։ Քանի՞ պաշտոնյա է այսօր մնացել Ղարաբաղում։ Ոչ մի։ Վերադառնալու օրինակը առաջին հերթին պետք է ցույց տան Ռոբերտ Քոչարյանը եւ Արկադի Ղուկասյանը»,- նկատեց Հակոբյանը:

Անդրադառնալով Ղարաբաղի ժողովրդավարացման թեմային՝ «Ժառանգության» փոխնախագահը նկատեց, որ Արցախում եւ Ադրբեջանում ժողովրդավարությունը գրեթե նույն մակարդակի վրա է:

Ամփոփելով՝ Հակոբյանն անդրադարձ կատարեց նաեւ ՀՀԿ-ԲՀԿ ՝ վերջին շրջանի լարվածության թեմային՝ նկատելով, որ երկու կուսակցությունների հակամարտությունն իր մեջ քաղաքական տարրեր չունի, եւ այդ հարցն առավելապես բարոյական հարթության վրա է։