ԼՂՀ Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի ունեցած արտակարգ միջադեպի կապակցությամբ, որի հետեւանքով 19-ամյա զինվոր է սպանվել, հարուցված քրեական գործի շրջանակներում դեռեւս ձերբակալվածներ եւ կալանավորվածներ չկան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը:
Նա նշեց, որ դեռեւս քննություն է ընթանում եւ նախաքննության շահերից ելնելով հավելյալ տեղեկություն չի կարող տրամադրել: NEWS.am-ը տարբեր աղբյուրներից տեղեկություններ է ստանում այն մասին, որ միջադեպի հետեւանքով մահացած ժամկետային զինծառայող 19-ամյա շարքային Գեւորգ Անդրանիկի Կոտինյանի մարմնի վրա տարբեր վնասվածքներ են հայտնաբերվել, այդ թվում նաեւ հրազենային: Ըստ տեղեկությունների` նա սպանվել է իր չորս համածառայողների կողմից. նրան դաժան ծեծի են ենթարկել, խոշտանգել, ապա հրազենային վնասվածք հասցրել: Մերի Սարգսյանն ասաց, որ մահացած զինծառայողի դիակի դատաբժշկական փորձաքննությունը դեռեւս չի ավարտվել, ուստի այս մասին եւս որեւէ տեղեկություն չի կարող հաղորդել:
Նշենք, որ միջադեպը տեղի էր ունեցել փետրվարի 6-ին: Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ`ՀՀ Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով` 359 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը, նրանց միջեւ ստորադասության հարաբերության բացակայության դեպքում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) եւ 112-իդ հոդվածի երկրորդ մասի 6-րդ եւ 14-րդ կետերով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառերը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից եւ անզգուշությամբ առաջացրել տուժողի մահ): Քրեական գործով կատարվել են անհետաձգելի բոլոր քննչական գործողությունները, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հանցանքը կատարողների շրջանակը պարզված է:
Նշենք, որ Գեւորգ Կոտինյանը բանակ էր զորակոչվել Վանաձորից:




























