ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում  քրեական գործ է հարուցվել՝ զինծառայողի մահվան դեպքի առթիվ:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 26-ին` ժամը 20:10-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Աղասի Դերենիկի Մկրտչյանն ստացել է հրազենային վիրավորում եւ տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 21:20-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի (Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը) 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է  նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ զինծառայողի մահվան հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու  ուղղությամբ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 26-ին` ժամը 20:10-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Աղասի Դերենիկի Մկրտչյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: