Այսօր խաղային սկզբունքները կիրառելի են ոչ միայն անմիջաբար խաղերում, այլեւ անձնակազմի կառավարման ոլորտում: Ինչպես NEWS.am-ի հետ զրույցում նշեց Cascade People & Business-ի հիմնադիր ու գլխավոր տնօրեն եւ Մարդկային ռեսուրսների հայկական ասոցիացիայի նախագահ Արփի Կարապետյանը, այսպես կոչված, «խաղաֆիկացիան»՝ խաղային սկզբունքների կիրառումը HR ոլորտում, կարող է օգնել ընկերությունում թիմային աշխատանքը նոր մակարդակի բարձրացնել, իսկ աշխատակիցներին մոտիվացնել ավելի արդյունավետորեն աշխատելու:
«Երբ մարդը խաղում է, նա առավել անկեղծ է, ավելի հեշտ է սովորում, չի ընդդիմանում նոր տեղեկություններին, չի պաշտպանվում»,- նշեց Արփի Կարապետյանը:
Սեպտեմբերի 28-ին Երեւանում մեկնարկած անձնակազմի կառավարման 7-րդ տարածաշրջանային համաժողովի հիմնական թեմաներից մեկը խաղաֆիկացիան է: Համաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել HR-մենեջերներ, գործադիր տնօրեններ, մարզիչներ, խորհրդատուներ, ինչպես նաեւ խաղային եւ մերձխաղային կորպորատիվ միջոցառումների կազմակերպման մասնագետներ աշխարհի 15 երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից, Վրաստանից, Ղրղզստանից, Ղազախստանից, ԱՄՆ-ից, Ավստրիայից, Գերմանիայից, Ֆիլիպիններից եւ Լեհաստանից:
Ինչպես նշեց Արփի Կարապետյանը, համաժողովն ինքը եւս կանցկացվի խաղի ձեւով, որի ընթացքում թիմերի բաժանված մասնակիցները պետք է «հատեն» 10 ծով ու 5 օվկիանոս: Պատահական չէ, որ համաժողովի կազմակերպիչները եւ կամավորները նավաստու շապիկով են:
Համաժողովի խոսնակներից մեկն է Ռոբ Ֆերրեյը (ԱՄՆ), որը գեյմ-շոու է կազմակերպում տարբեր ընկերությունների համար: Խաղերը կարող են տարբեր լինել՝ կախված այն նպատակներից, որոնց պետք է հասնել: Այսպիսի խաղերի ընթացքում ընկերությունների աշխատակիցները տարբեր խնդիրներ կատարելով՝ ոչ միայն զվարճանում են, այլեւ միմյանց ավելի լավ ճանաչում եւ սովորում թիմում ավելի արդյունավետ աշխատել:
Ինչպես NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռոբ Ֆերրեյը, խաղերը կարող են կիրառվել նաեւ ամենօրյա աշխատանքում: Բազմաթիվ եղանակներ կան աշխատանքային գործընթացը խաղին ավելի նման դարձնելու համար. մարդկանց այսպես աշխատելը կարող է ավելի հետաքրքիր թվալ, քանի որ նրանք կիմանան, որ այս կամ այն խնդրի կատարման համար կստանան «լեւել-ափեր» կամ որեւէ այլ բոնուս, որոնք ունակ են բարձրացնել նրանց մոտիվացիան: Սա աշխատակիցների միջեւ կստեղծի առողջ, ավելի խաղային մրցակցություն, եւ նրանցից յուրաքանչյուրն ավելի լավ կաշխատի:
Գերմանիայից Մարկ Կուբերտը նույնպես բիզնեսի համար խաղեր է կազմակերպում, սակայն նրա խաղերը մի փոքր տարբերվում են. դրանց նպատակն է նպաստել շփման համար անհրաժեշտ հմտությունների ավելի արդյունավետ ուսուցմանը:
Օրինակ՝ գրքեր կարդալով, մարդը չի կարող սովորել բանակցություններ վարել կամ մարդկանց հետ ճիշտ շփվել, այդ ամենի համար պրակտիկա է պետք: Մարկը կազմակերպում է հենց այդ պրակտիկան՝ խաղերի տեսքով, որտեղ մարդիկ անվտանգ, հանգիստ միջավայրում կարող են ինչ-որ նոր բան սովորել:
Համաժողովի ընթացքում Մարկը կպատմի իր աշխատանքի եւ այն մասին, թե ինչպես են իր կազմակերպած խաղերը օգնում բիզնեսի զարգացմանը:
Համաժողովի գլխավոր գործընկերներից մեկը՝ VivaCell MTS-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ նման միջոցառումները հնարավորություն են տալիս ղեկավարներին եւ մենեջերներին փոխանակել անձնակազմի առավել արդյունավետ կառավարման փորձը:
Իհարկե, համաժողովի մասնակիցները դժվար թե հենց այսօր փոխեն անձնակազմի կառավարման իրենց մոտեցումները եւ սկսեն նորովի աշխատել: Այս մասին նշեց անձնակազմի կառավարման մասնագետ Արմինե Հայրապետյանը: Սակայն համաժողովի ժամանակ նրանք կարող են նոր գիտելիքներ ստանալ: Նրանք կարող են հասկանալ, որ հնարավոր է, անձնակազմի հետ աշխատանքի իրենց նախկին մեթոդները, որոնք արդյունավետ են եղել 20 տարի առաջ, այժմ արդիական չեն, քանի որ աշխարհը փոխվում է: Հնարավոր է՝ նա նկատի ունենա այդ տեղեկությունը, ինչը կարող է նրան օգնել ապագայում ավելի լավ հասկանալ իր աշխատակիցներին, նրանց կարիքները եւ հետեւաբար, ավելի լավ կազմակերպել նրանց աշխատանքը:



























