«Եկել է այնպիսի մի պահ՝ վերջապես մեր երազած ազգային կազմակերպությունը ծնելու: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29-ին, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիր համագումարին բացմանը իր ելույթում նշեց Ժիրայր Սեֆիլյանը:
«Իմ համոզմամբ այն, ինչ այսօր հիմնադրում ենք, առնվազն լինելու է մեր պատկերացրած ազգային պետության հենասյուներից մեկը, սակայն մինչ այս հանգրվանը հասնելը, բոլորս գիտենք, որ մեր ժողովուրդը անցել է դաժան պայքարի երկար ճանապարհ եւ ունեցել բազմաթիվ զոհեր, ռեժիմի զոհեր, որոնց զգալի մասը մինչ այսօր բացահայտված չէ: Դրանք տեղի են ունեցել վերջին 25 տարիների ընթացքում»,-ասաց նա:
Սեֆիլյանի խոսքով, սկսելով պատերազմի ժամանակահատվածից, իրենք հիշում են՝ ինչպիսի նվիրյալներ են կորցրել թիկունքի կրակոցներից. «Դրան շարունակել է խաղաղ պայմաններում նույնպես թիկունքում կրակոցները Երեւանում, դրան շարունակել է «Հոկտեմբերի 27-ը», շարունակել է «Մարտի 1-ը», այսօր զոհերի հարազատներից ունենք ներկա: Դրան շարունակել է քառօրյա պայմանավորված պատերազմի մեր մատաղ սերնդի զոհերը եւ նույն տարվա հուլիսյան ապստամբության փորձի ռեժիմի զոհերը»,-ասաց նա եւ դահլիճին առաջակեց մեկ րոպե լռությամբ հարգել այս զոհերի հիշատակը:




























