Ազգային պետություն, առաքելություն եւ հայրենատիրություն. հայության լույսը բացվելու ժամանակն է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29-ին, «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր համագումարում իր ելույթում նշեց կուսակցության հիմնադիրներից Վարուժան Ավետիսյանը:

«Ժամանակն է վերաստանձնելու հայության համամարդկային առաքելությունը, որը բխում է «Սասնա ծռեր» էպոսում հավատամքային համակարգից: Ամեն բան, այդ թվում ազգը, կորցնում է ամեն ինչ եւ ինքն էլ ի վերջո կորչում է, եթե հետամուտ չի լինում իր առաքելությանը: Մենք եւս շեղվել ենք մեր առաքելությունից, եւ դա է պատճառը այն ամենի, ինչ մինչեւ օրս տեղի են ունում մեզ հետ, մնացյալը հետեւանքի շղթաների օղակներ են: Հայությունը պետք է ունենա բավարար տարածք, մեկտեղված լինի դրա համար բավարար քանակով եւ ունենա ազատորեն արարելու ազգային իղձերը երաշխավորելու ունակ ինքնակառավարման համակարգ: Այդ համակարգի միջուկը ազգային պետությունն է, որի շուրջը պետք է համախմբվի ողջ հարությունը որպես միասնական ցանցային աշխարհ»,-ասաց նա:

Վարուժան Ավետիսյանի խոսքով, առաջին քայլը մտածողության փոփոխությունն է, որ մենք ենք մեր գլխի ու  մեր երկրի տերը եւ պետք է ստեղծենք եւ կարող ենք ստեղծել ազգային պետություն եւ սկսել վերելքի ուղին:

«Առաջին հերթին պետք է ազատագրվենք, այսպրես կոչված, Երրորդ Հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգից, որի բուն իմաստն ու նպատակն է պահպանել 1920-1921 թթ ռուս-թուրքական զավթիչ գործողություններով ձեւավորված տարածաշրջանային ճարտարապետությունը եւ դրա երաշխավոր ռուսական գաղութատիրությունը, ինչպես նաեւ մեր գլխին դրած պահել հանուն անձնական ու կլանային շահերի ազգային շահերը վաճառող դավաճանական քաղաքական դասին, որը հայանուն է, բայց հայ չէ, չունի առհասարակ հայրենիք ու ազգություն»,-ընդգծեց նա:

«Սասնա ծռերի» անդամը նշեց, որ մտածողության փոփոխության մեկնարկը պետք  է լինի ռուս-թուրքական դավադիր երկընտրանքի հաղթահարումը. «Սպիտակ ցեղասպանությունը չի կարող գերադասելի լինել կարմիր ցեղասպանությունից: Երկուսն էլ նույն արդյունքն են ունենում, ուստի թուրքական յաթաղանի փոխարեն ռուսական սապոգի իբրեւ թե իմաստուն երկընտարքն ընդամենը մահվան ժամանակի եւ մեթոդի ընտրություն է: Մենք մերժում ենք ներկայիս հայկական պետականությունը որպես ռուս-թուրքական դաշինքի ու ագրեսիայի մնացորդային արդյունք եւ իրավասուբյեկտություն չունեցած Սովետական Հայաստանի ժառանգորդ համարող հայեցակարգը:, ինչպես նաեւ դրա իրագործումից բխող իրավունքի անբաժանելի կոլեկտիվ սուբյեկտ հայությունից նրա արցախաբնակ հատվածը տարանջատող կործանարար մոտեցումները:

Դրանց փոխարեն մենք որդեգրում ենք ազգային առաքելությանը միտված, հայրենիքի վերատիրացմանը հետամուտ եւ Առաջին Հանրապետության ժառանգորդության վրա հիմնված իրավաքաղաքական հայեցակարգ»,-ասաց նա:

Վարուժան Ավետիսյանը նշեց նաեւ այն ուղղությունները, որով պետք է առաջնորդվի կուսակցությունը՝

Հիմնադրել նոր հանրապետություն ներկայինս ՀՀ-ի եւ Արցախի տարախքի վրա,

Մեկնարկել հայրենիքի եւ հայության այլ անօրտարելի իրավունքների վերատիրացման եւ ռուսական գաղութատիրությունից ազատագրման իրավաքաղաքական գործընթաց,

Առաջադրել Նախիջեւանի եւ Կուր գետի աջ ափի վրա միջազգային իրավունքին համապատասխան նոր հանրապետության իրավազորության հաստատումը, որպես այս գործընթացի հերթական քայլ, որի արդյունքում կձեւավորվի Կուր-Արաքսյան Հանրապետությունը,

Իրականացնել համակարգային փոփոխություններ՝ ընդունել նոր Սահմանադրություն:

Վարուժան Ավետիսյանի խոսքով, իրենց կուսակցության նպատակներից է մեծ հայրենադարձությունը, ծնելիության շեշտակի աճ, անկախ դատական համակարգ, որտեղ դատավորներին կընտրի ժողովուրդը: